168.am-ը գրում է.

Մինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն աշնանը, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էության, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հունիսի 21-23-ը Նախիջևանում անցկացվեց թուրք-ադրբեջանական մարտավարական հերթական զորավարժությունը, 7-րդը՝ 2021թ.-ին:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանի խոսքով՝ ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի, դա լինելու է ի վնաս Հայաստանի:

«Վարչապետն ասաց, որ ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրի: Այդքան բան գիտենք: Որ դա մեզ վնաս է, դա հաստատ է, ի վնաս Հայաստանի, իմ կարծիքով: Որովհետև զրջումների, հատկապես՝ ռազմագերիների չլուծված խնդիրը, Բաքվի կեղծ դատավարությունը մեզ ցույց է տալիս, որ իրավիճակը նորմալ չի: Նախիջանում տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժությունները ցույց են տալիս, որ նրանք ուղղակիորեն ճնշում են գործադրում մեզ վրա, ստիպում են ինչ-որ մի բան անել: Թե ինչ բան, մենք չգիտենք: Բայց ի վնաս մեզ, իհարկե, որովհետև այսքան արագ իրար հետևից մի քանի զորավարժություններ չեն անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբանը:

Թուրք-ադրբեջանական փոխօգնության հիմքերն ամրապնդելուն էր ուղղված նաև Հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագիրը: Պատմաբանի խոսքով՝ այդ համաձայնագրի ստորագրումն ավելի շատ ձևական բնույթ էր կրում, քանի որ մինչ այդ էլ տեսանելի էր թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը:

«Ստորագրությունը կեղծ բան է, որովհետև նրանք վաղուց ունեն այդ ռազմական օգնության հարաբերություններն իրար հետ: Նախիջևանում վաղուց թուրքական զորքեր կան: Ու ոչ միայն մեզ վրա են ճնշում գործադրում, այլև Վրաստանի վրա, ինչ-որ ձևով՝ նաև Ռուսաստանի վրա: Էրդողանը հանգիստ չի մնա, իմ կարծիքով, մինչև որ իր զորքերը չբերի, չհասցնի Ղարաբաղ: Դեպի դա է գնալու: Եվ հավանաբար այս իրավիճակն էլ դա է ցույց տալիս: Անընդհատ զորավարժություններ չեն կատարում: Սա հոգեբանական ազդեցություն գործելու նպատակ ունի, որպեսզի մենք էլ ավելի զիջումների գնանք կամ այս հասարակությանը ապացուցեն, որ՝ «տեսեք, իրավիճակն այնպիսին է, որ ստիպված ենք որոշակի խնդիրների հետ համաձայնել»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Հարցին, թե արդյոք կա՞ հնարավորություն ինչ-որ կերպ հակազդել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ուժերի առավել մեծ ծավալներով հաստատմանը, պատմաբանն արձագանքեց.

«Այն միասնությունը, որ կար, որը պատերազմի ժամանակ ցուցաբերվեց, այդ միասնությունը պետք է վերականգնվի: Հիմա հասարակությունը փաստորեն այս ընտրություններից հետո պառակտված է: Ուստի ես դժվարանում եմ որևէ բան ասել: Բայց հույս ունեմ, որ այդ միասնությունը կլինի, և հակառակորդը, երբ զգաց այդ միասնությունը, այլևս այդպիսի քայլեր չի կատարի: Դրա առաջին նշանը պետք է լինի այն, որ մեր բոլոր ռազմագերիներին կարողանանք ազատել գերությունից: Նրանք ոչ թե ռազմական հանցագործներ են, ինչպես ներկայացնում են ադրբեջանցիները, այլ ռազմագերիներ են և քաղաքացիական անձինք: Ստիպողաբար, օգտագործելով միջազգային բոլոր կառույցները, պետք է հասնենք նրանց ազատմանը, որը առաջին քայլը կլինի դեպի միասնություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել