Խելացի լուսացույցները, որոնք վարորդներին զգուշացնում են՝ որքան արագ է հարկավոր երթևեկել «կանաչ ալիքի» մեջ հայտնվելու համար, վտանգավոր արտանետումները կրճատում են 25%-ով։ Նման լուսացույցներ նախատեսվում է տեղադրել Մեծ Բրիտանիայում։

Կարմիր լույսի տակ կանգնելու անհրաժեշտությունը կարող է անցյալում մնալ շնորհիվ այս լուսացույցների։ Դրանք վարորդներին հայտնում են, թե ինչ արագությամբ է հարկավոր ընթանալ՝ հաջորդ խաչմերուկում կանաչ լույսի տակ հայտնվելու համար։

Լուսացույցը փոխգործակցում է վահանակի վրա ցուցադրվող ցուցիչի հետ նույն կերպ, ինչպես արբանյակային նավիգացիան և ցուցադրում է արագության չափը, որով հարկավոր է ընթանալ։ Եթե, այնուամենայնիվ, վարորդը կարմիր լույսի տակ է հայտնվում, ապա վահանակը ստանում և ցուցադրում է տեղեկություն այն մասին, թե որքան ժամանակ է մնացել՝ մինչև կանաչ լույսի միացումը։

Խելացի լուսացույցներն ունակ են ինֆորմացիան հայտնելու մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող վարորդներին։

Highway England ընկերության կողմից կատարված փորձարկումների արդյունքում պարզ է դարձել, որ արտանետումների ծավալն ավելանում է, երբ ավտոմեքենաները կանգնում, ապա վերսկսում են շարժը։ Անհարկի կանգնելը վերացնելու դեպքում CO2-ի արտանետումների մակարդակը կնվազի 27%-ով, Nox-ինը՝ 17%-ով։

«Տեխնոլոգիաների կիրառումը տրանսպորտային միջոցների երթևեկությունը բարելավելու համար հնարավորություն է տալիս ոչ միայն աղտոտող նյութերի քանակը նվազեցնելու՝ ներառյալ ածխաթթու գազի արտանետումները, այլև հաճելի է վարորդների համար։ Թույլ տալով վարորդներին կարգավորել արագությունը՝ խելացի լուսացույցները նվազագույնի են հասցնում կարմիր լույսի տակ կանգնելու դեպքերը, ինչպես նաև վառելիք խնայելու հնարավորություն են տալիս», - նշում են գիտնականները։

Հարկ է շեշտել, որ օդի աղտոտվածության հետևանքով ամեն տարի աշխարհում 7 միլիոն մարդ է մահանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել