168.am-ը գրում է.

«Այսօր Արևմուտքը և Ռուսաստանն ընտրված անձի լեգիտիմությունն օգտագործում են ի վնաս Հայաստանի՝ ասելով, որ, եթե նա լեգիտիմ է, ունի ժողովրդի քվեն, ուրեմն  իրենից կարելի է պահանջել, և նա կանի այն, ինչը չեն արել նախկինները»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշեց իրավապաշտպան, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Առհասարակ, նրա համար շատ անսպասելի չի եղել ընտրությունների նման ելքը, և նա կողմ է այն քաղաքական ուժերի նախաձեռնություններին, որոնք որոշել են ընտրության արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում:

«Ես կողմնակից եմ, որպեսզի Սահմանադրական դատարան դիմեն, ի վերջո, այն, ինչ չեն տեսել դիտորդները, ակներև էր»,- ասաց իրավապաշտպանը:

Նկատենք՝  նորընտիր խորհրդարան անցած մեծությամբ երկրորդ ուժը՝ «Հայաստան» դաշինքը, ևս մտադիր է ընտրության արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում։

«Պատիվ ունեմ» դաշինքից դեռ չեն հստակեցրել՝ կվիճարկե՞ն արդյունքները, թե՞ ոչ, սակայն շեշտել են. «Ընտրությունները չդարձան քաղաքական գործընթաց, չվերածվեցին Հայաստանը անդունդի եզրից հետ քաշելու ճանապարհային քարտեզի: Փոխարենը՝ մենք ականատես եղանք ուժային մարմինների կողմից ապօրինաբար ընդդիմության դեմ բռնաճնշումների, ընդդիմադիր ակտիվ գործիչների բնակարաններում և ընդդիմության շտաբներում անհիմն խուզարկությունների ու ձերբակալությունների, ակտիվիստների և շտաբի անդամների գաղտնալսումների, այդպիսով՝ նախընտրական փուլում և ընտրությունների օրը ընդդիմության աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ աղաղակող դեպքերի, ինչպես նաև իշխանության կողմից վարչական լծակների կիրառմամբ ընտրողներին ակնհայտ ուղղորդման դեպքերի»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այս ընտրությունները չպետք է անցկացվեին. «Իրականում այդ ընտրությունները չպետք է կայանային այս օրերին, և պատժվեցին այն երկու կուսակցությունները, որոնք գնացել են այդպիսի կեղծիքներով պայմանավորվածությունների: Հիշեցնեմ՝ իրենք պայմանավորվածությամբ են որոշել չառաջադրել վարչապետի որևէ թեկնածու։ Եթե իրենք չունեին այդ թեկնածուն, ի՞նչ է՝ 14 օր հետո ունեցա՞ն:

Այսինքն՝ մենք ունենք խնդիր օրինականության հետ, և ես համոզված եմ, որ այս Ազգային ժողովը ևս չի կարողանալու աշխատել իր ամբողջական ժամկետում. ըստ երևույթին մեզ կարող է սպասել ևս մեկ, գոնե այս անգամ՝ օրինական արտահերթ ընտրություններ»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին իր համար ավանդական դարձած ձևաչափով՝ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր.

«Քիչ առաջ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել