168.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր ժամը 19։00-ին արցախցիները շարունակելու են իրենց բողոքի ակցիան, ըստ որի, նախագահ Արայիկ Հարությունյանից պահանջելու են, որպեսզի նախ՝ նա չշնորհավորի Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ, և դրանից հետո հրաժարական ներկայացնի։

Ի դեպ, ժամը 18։00-ին էլ նույն հրապարակում ելույթով հանդես կգա Արայիկ Հարությունյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ կարևոր չէ, թե Արայիկ Հարությունյանն իր ելույթով ինչ կասի, այլ կարևոր է այն հանգամանքը, որ վերջինս բացահայտ կիրառում է Հայաստանի մոդելը։

«Արայիկ Հարությունյանը գիտակցաբար տանում է  բախման, քաջ գիտակցելով, որ ժամը 19։00-ին  հայտարարված է հանրահավաք, որի մասին տեղեկացվել է  դեռևս երեկ, իսկ նա այսօր է դրա մասին հայտարարում, այս ամենն ակնհայտ բախման է տանելու։ Մենք արդեն տեղեկատվություն ունենք, զանգահարում են տարբեր հիմնարկներից, գերատեսչություններից, որ աշխատողներից ստորագրություն են վերցնում, որ իրենք պարտավոր են ներկա գտնվելու Արայիկ Հարությունյանի հրավիրած հավաքին։ Ինքն ուղղակի ուզում է Նիկոլի ձևերը գործադրելով՝ ցույց տա իր զորությունը, առանց մտածելու, թե դա ինչ հետևանքների կարող է բերել, կամ էլ գիտակցում է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա  տեղեկացրեց, որ այս ակցիան որևէ մեկը չի կազմակերպել, այն ժողովրդի ինքնաբուխ կազմակերպած ակցիան է, իսկ իրենք էլ՝ որպես խորհրդարանում ժողովրդի ներկայացուցիչներ, պետք է լինեն այդ հրապարակում, որպեսզի թույլ չտան սադրանքներ։

«Ժողովուրդը նաև պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մինչև այս ընտրությունները, Արցախում բոլորը սպասում էին, որ Հայաստանում կձևավորվի փրկօղակ, որը կօգնի նաև Արցախին, բայց քանի որ այդ ամենը տեղի չունեցավ, մնում է ինքնակազմակերպվել, մնում է այստեղ փրկվել և այդ ալիքի կոչերը՝ հանուն հայրենիքի փրկության, կգա ու կհասնի Հայաստան»,- հավելեց պատգամավորը։

Ըստ նրա, վերջին ամիսների ընթացքում Արցախում այնքան խնդիրներ են առաջացել, որ արդեն մի ամբողջ բանակ է պետք, որպեսզի այդ հարցերին անդրադառնան։

«Արայիկ Հարությունյանը ՔՊ-ում քվեարկության արդյունքներին հետևելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ինքն ուղղակի աշխատել է  Նիկոլ Փաշինյանի համար։ Նա ոչ թե Արցախի նախագահն է, այլ ընդամենը ՔՊ-ական ակտիվիստ, որը եկել էր հանուն ՔՊ-ի աշխատելու, որպեսզի իր պաշտոնն Արցախում ավելի կայունացնի։

Բացառում եմ, որ Արայիկ Հարությունյան այսօր հրաժարական տա, Նիկոլ Փաշինյանի հաղթանակից հետո նա առավել քան ինքնավստահ է։ Արայիկ Հարությունյանն իր այդ քայլով վերացրեց նախագահի ինստիտուտն Արցախում՝ վերածվելով ակտիվիստի։ Մնում է  ինքնակազմակերպվել ու դա նորից ստեղծել»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել