168.am-ը գրում է․

Սահմանադրագետ, իրավապաշտպան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն իր խմբով դիտորդական առաքելություն է իրականացրել Երևանի մի քանի ընտրատեղամասերում:

«Սահմանափակ դիտորդների պայմաններում Երևանի մի շարք ընտրատեղամասերում բավականին կոշտ ընթացակարգային խախտումների ենք ականատես եղել, ընդհուպ՝ մինչև Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող արարքների, և վարչական իրավախախտումների: Ելնելով մեր ձեռքի տակ եղած փաստերից՝ կազմելու ենք արձանագրություն, ներկայացնենք թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ ԿԸՀ»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ կային տեղամասային կենտրոններ, որտեղ թե՛ հանձնաժողովի նախագահը, թե՛ քարտուղարն իշխող ուժի համակիրները կամ ներկայացուցիչներն են եղել, և անկախ այն հանգամանքից, որ նրանք պետք է չեզոքություն պահպանեին, քարոզչություն չիրականացնեին և չուղղորդեին ընտրողներին, ըստ Մելոյանի՝ արձանագրվել են դեպքեր, որ, օրինակ՝ դիտորդը մտել է տեղամասային կենտրոն, ականատես եղել, թե ինչպես է հանձնաժողովի անդամը ուղղակիորեն քաղաքացիներին ուղեկցում, տալիս 3-րդ քվեաթերթիկը և հորդորում քվեարկել այդ ուժի օգտին:

«Մի շարք ընտրատեղամասերում իրավիճակներ եղան, երբ մարդկանց կիսատ էին տալիս փաթեթները: Ականատես ենք եղել հատկապես ուղղորդված հակաքարոզչության՝ 24 համարակալմամբ «Հայաստան» դաշինքի և 6 համարակալմամբ «Պատիվ ունեմ» դաշինքի ուղղությամբ, մասնավորապես՝ վնասված քվեաթերթիկներ, եթե կհիշեք, ոչ միայն ընտրության օրը, այլև դրա նախորդ օրն արձանագրվեցին: Ընտրության օրը ևս ընտրատեղամասում տրցակով քվեաթերթիկներն ամբողջությամբ հատուկ նշմարված էին, և եթե քաղաքացին ուշադիր չլիներ, հաշվառման ժամանակ կարող էին անվավեր ճանաչվել հանձնաժողովի կողմից: Նաև հայտնի տեսանյութը շրջանառվեց, թե ինչպես է ՔՊ-ի ճղճղված քվեաթերթիկը հանձնաժողովի նախագահը հանում և քվեարկության դնում, որպեսզի վավեր ճանաչեն ակնհայտ անվավեր քվեաթերթիկը»,- ընդգծեց նա:

Գոհար Մելոյանը բազմաթիվ ահազանգեր է ստացել՝ մահացած մարդկանց ցուցակներում ներառելու վերաբերյալ. «Մարդիկ ահազանգում էին, որ իրենց մահացած հարազատները, որոնք նախորդ ընտրություններին ընդգրկված չեն եղել, այս անգամ ընդգրկված էին: Մարդիկ վրդովված ուշադրություն էին հրավիրում այդ հանգամանքի վրա: Մարդկանց համար տհաճ է, օրինակ՝ մի մարդ ասում էր, որ գնացել է քվեարկելու և գրանցամատյանում գրված է եղել զավակի անունը, որի անունը նախորդ ընտրություններին ընդգրկված չի եղել: Այսպիսի բազմաթիվ դեպքեր են եղել: Մարդիկ ահազանգում էին, որ տասնյակ տարիներ երկրում չապրող իրենց հարազատների անուն-ազգանունները ներառված են եղել ցուցակներում»:

Սահմանադրագետը բոլոր ուժերին կոչ արեց քվեարկությանը հաջորդող 7 օրերի ընթացքում դիմում-բողոքներ ներկայացնել ԿԸՀ՝ անճշտությունների, վերահաշվարկների պահանջով. «Յուրաքանչյուր քաղաքացի թող մտնի՝ ցուցակներով համադրի՝ արդյո՞ք իր ծանոթի, հարազատի անվան դիմաց ստորագրություն կա, այդ ցուցակները հրապարակվելու են՝ ստորագրություններով: Պետք է փորձ անել կրկին վերահսկել, որովհետև մենք կոնկրետ վայրերում արձանագրել ենք, որ բավականին խախտումներ են տեղի ունենում, անճշտություններ են առկա, ընդհուպ՝ մինչև տեղամասային կենտրոն ունեինք, որտեղ այդ վարչական տարածքի թաղապետը, թաղապետարանի աշխատակցի հետ, մտնում են ընտրատեղամաս, անհասկանալի վերահսկողական գործառույթներ են իրականացնում, երբ իրավունք չունեն մտնել: Տեղամասային կենտրոններ ունեինք, որտեղ իշխող ուժի՝ ՔՊ-ի պատգամավորության թեկնածուները մտնում՝ կոնֆլիկտային իրավիճակներ էին ստեղծում, ընդհուպ՝ մինչև հանձնաժողովի անդամներին սպառնալիքներ հնչեցնելով և վիրավորելով, անգամ՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, ինչը կրկին ՔՕ-ով նախատեսված հանցավոր արարք է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել