168.am-ը գրում է.

Առավոտյան ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ ընտրողների 53.92%-ն իր քվեն տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 21.04%-ը՝ «Հայաստան» դաշինքին, 5.23%-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին:

Քվեարկությունից մի քանի օր առաջ 124 մտավորական հանդես էր եկել «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով, թե պետությունը լրջագույն մարտահրավերների առաջ է, իսկ իշխող վարչախումբն իրականացնում է ազգակործան քաղաքականություն:

Կոչին միացած մտավորականներից մեկի՝  բանաստեղծ Հուսիկ Արայի կարծիքով՝ վաղվա օրը մթության մեջ է: Ըստ նրա՝ վաղը մեր երեխաները մեզ չեն ներելու:

«Վաղուց պարզ էր, դեռ 8 ամիս առաջ՝ նոյեմբերի 9-ից սկսած, որ դեպի կործանում ենք գնում: Իհարկե, չէինք պատկերացնում, որ, լավ, Արցախի կապիտուլյացիան ստորագրեց, այդքանով դադար կտա, բայց տեսանք՝ չէ: Հերթով անընդհատ տարածքներ զիջեց, հիմա բերում է Հայաստանի կապիտուլյացիան ստորագրելուն: Հայաստանի ինքնիշխանությունը, պետությունը, պետականությունը բոլորովին վտանգված են, և տանում է վերջնականապես կործանման ու կորցնելուն: Մավրին մի քանի ամիս է պետք, ինքը կմնա և իր սև գործը կանի ու կգնա: Այն ժամանակ արդեն, չգիտեմ, ուշ կլինի մեզ համար, անդառնալի ուշ կլինի: Ցավոք, հիմա հաջորդ փաստաթուղթը ստորագրելու է, որն իր սեղանին է: Չգիտեմ՝ թաքուն ստորագրե՞լ է, թե՞ ոչ: Մենք գիտենք, որ անընդհատ թաքուն փաստաթղթեր է ստորագրում: Եթե, այդքանից հետո, ես չեմ կարող այս խառնամբոխին ժողովուրդ ասել, որովհետև միշտ վստահ էի, 101% վստահ էի, որ այս վերջին պահին մարդու գիտակցությունը պայծառանում է, երբ թուրքը մտել է իր տունը, երբ մտել է իր հողը, այստեղ հայրենասիրություն չի, ինքնապաշտպանական բնազդ է, գոյապահպանական բնազդ է, որը չգործեց մեր ժողովրդի մոտ»,- ասաց Հուսիկ Արան:

Բանաստեղծը չի բացառում, որ  հասարակությունը պատերազմական շոկից դեռ դուրս չի եկել, և գուցե դա է պատճառը, որ ընտրություններն այդ արդյունքն ունեցան:

«Մեր ժողովրդի 53%-ը, դեռ այն փոշիացած ձայները չեմ հաշվում, կոնկրետ 53%-ը չի ուզում պետություն ունենալ, չի ուզում պետականություն ունենալ: Իրենք չեն տեսնում մեր զոհերին, մոռացան: Իրենց համար արժեք չի այդ արյունը, այդ 18-20 տարեկանների արյունը: Այդ գերիները արժեք չեն: Իրենք թքած ունեն Արցախի վրա, ուրախ են, որ կորցրեցին: Հիմա ինչ էլ որ կորցնում են, էլի ուրախ են: Հասկանո՞ւմ եք՝ այս ամբողջը ժողովուրդը լեգիտիմացրեց, ժողովուրդը Նիկոլին մաքրեց, մաս-մաքուր տվեց պատմությանը: Ինքը պատմության էջերում մնալու է սպիտակ թիկնոցով: Այդ ամբողջ կեղտը ժողովուրդը վերցրեց իր վրա: Նիկոլի ամբողջ արածները ժողովուրդը վերցրեց իր վրա, նրան մաքրեց ու տվեց, այո, պողպատե մանդատ, ասաց՝ «շարունակիր անել՝ ինչ ուզում ես, հիմա Հայաստանը մասնատիր, տուր»: Չէ՞ որ Ալիևն ասում է՝ Գրիգոր Լուսավորիչը քանդելու է, տեղը թուրքական բաղնիք սարքի, և այլն: Այդ ամբողջ ինֆորմացիան հասնում է: 100 տարի առաջ չէ, որ ասեմ՝ մարդիկ ինֆորմացված չեն: 24 ժամ ինֆորմացիայի մեջ են՝ հեռախոսով, հեռուստացույցով, կայքերով, ամեն տեղ: Ուղղակի ինֆորմացիան գնում, մտնում է ականջները: Ես շոկի մեջ եմ: Սա՞ է մեր ժողովուրդը: Էս ի՞նչ արեց: Ու չգիտենք՝ այն մի մասը, որ ուզում է պետություն ունենալ, հայրենիք ունենալ, մենք ի՞նչ անենք: Այդքան փորձեցինք, մտավորականությունը 8 ամիս խոսեց, ասեց, բայց չէ ու չէ:

Ես չգիտեմ: Երբ շուռնուխցին է գնում, քվեարկում, հիմա այնտեղ զինվորն է քվեարկել իր փոխարեն, թե իսկապես ինքն է, մեղրեցին է քվեարկում Նիկոլին, էէէ՜ ես ինչո՞ւ եմ նստում, դարդ անում Մեղրիի համար: Վարդենիսցին, որ բարձր տոկոսով ձայն է տալիս, երբ թուրքը մտել է Վարդենիս, Գեղարքունիք, էլ ինչ ասեմ: Այ սենց դարձրեցին, որ հիմա ինձ նման մարդիկ մտածում են՝ դե որ ես քո համար եմ մտահոգվել, ճիշտ է՝ իմ ժողովուրդն է, իմ երկիրը, բայց կոնկրետ Գեղարքունիքի բնակիչ, դու ուզում ես՝ տան թուրքին… Սարսափելի խորացավ ճգնաժամը, սարսափելի: Դա լուծում չէր: Հիմա մեկս մեկին չենք հանդուրժելու: Օր օրի այդ ճգնաժամը խորանալու է: Չգիտեմ՝ վաղը-մյուս օրն ինչ է լինելու…

Արցախում պիտի ռո՞ւսը մնա: Պիտի ստիպված լավ հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ, որ դուրս չհանեն: Այստեղից էլ ասելու է՝ «Սյունիքն ու Գեղարքունիքը տուր, որովհետև դուք դա եք, չեք ուզում պահել, որովհետև Արցախն ամբողջն էիք տալիս, ես կեսը պահեցի»: Մենք կորցրեցինք ամեն ինչ: Չենք հասցնելու ուշքի գալ, լրիվ ենք կորցնելու ու դառնալու ենք, չգիտեմ, Ադրբեջանի մաս, Թուրքիայի մաս, որովհետև հարևանները նրանք են: Ու այդպես թուրքը մտնելու է, մնացածն էլ խաղաղ կերպով խլի, վերջացնի»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել