Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 8։00-13։00-ն, ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ Դատախազությունը ստացել է 64 հաղորդում և ահազանգ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էդգար Արսենյանը։

«64 ահազանգերից 11-ը ստացվել է լրատվամիջոցների կողմից, 28-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ են, այդ թվում նաև ստացված Դատախազության «թեժ գծից», 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումից, 23-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ»,- ասաց Արսենյանը։

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական  վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալը նշեց, որ ստացված հաղորդումներից 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, մեկը ընտրողների ցուցակը կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքի առթիվ, 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ, 16-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն և 2-ը քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն, 4 տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնությունը գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ։ «Ի դեպ, նշված հոդվածով հարուցվել է մեկ քրեական գործ և կատարվում է նախաքննություն»,- հավելեց Արսենյանը։

Նրա խոսքով՝  64 հաղորդումներից 15-ը վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերին, մեկ հաղորդում վերաբերել է կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելու, հանձնելու կամ իրացնելու դեպքերին, մեկը՝ ընտրություններին կամ քվեարկության արդյունքները կեղծելուն և 2-ը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։

«Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդումները բնույթով եղել են վերացական և ընդհանրական և ուղարկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, դրանց ուղղությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով, իսկ 26-ը ուղարկվել են հետաքննության և նախաքննության ՀՀ օրենսգրքի 180-181 նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու  նպատակով»,- եզրափակեց Արսենյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել