Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել։ Այս մասին քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե «Պատիվ ունեմ»-ի թիմի վրա ճնշումներ են գործադրվում` Սարգսյանն արձագանքեց․

«Ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի օրերին, ակնհայտ հրահանգավորումով լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն, անգամ անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ, որոնք դատական ակտերով հաստատվել են և այսպես շարունակ»,-ասաց նա՝ նշելով, թե առավոտից ուշադիր հետևում են իրադարձություններին։

«Կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք, իսկ հիմնական հայտարարությունը կանենք քվեարկության ավարտից անմիջապես հետո»,-ասաց նա։

Հարցին՝ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորություն տեսնու՞մ է, Սարգսյանն արձագանքեց․ «Ընտրություններն անցնելուց հետո դրա մասին կխոսենք»։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն ներե՞լ է իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու և 2013-ին նախագահի պաշտոնին երկրորդ անգամ առաջադրվելու համար, Սարգսյանն արձագանքեց․ «Ինձ միայն Աստված կարող է ներել, ուրիշ ոչ մեկը»։

Հարցին՝ իր կարծիքով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանին սատարում, և ոչ իրեն, Սարգսյանն արձագանքեց՝ այդ հարցը Կարապետյանին է պետք է տալ, ապա հավելեց․ «Այդտեղ ի՞նչ ողբերգություն եք տեսնում կամ անտրամաբանական բան»։

Այն հարցին էլ, թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան, եթե վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, Սարգսյանն արձագանքեց․ «Ապագա չկա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել