Armeniasputnik.am-ը գրում է.

Առանց հասարակության համերաշխության հնարավոր չէ հասնել ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսական զարգացման։ Այսօր ընտրատեղամասից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ քարոզարշավի ողջ ընթացքում իրավապահ համակարգը քաղաքական ճնշումների է ենթարկել «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներին ու համակիրներին։

Третий президент Армении Серж Саргсян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
Սարգսյանը նշեց, որ իրենք ուշադիր հետևում են ընտրության արդյունքներին, և օրվա երկրորդ կեսին «Պատիվ ունեմ» դաշինքը հանդես կգա միջանկյալ հայտարարությամբ, իսկ քվեարկության ավարտից հետո` վերջնական։

Սարգսյանը չպատասխանեց հնարավոր դաշինքների մասին հարցին. այդ մասին կխոսեն ընտրություններից հետո։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել