«Պատիվ ունեմ» դաշինքի` վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկեց Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ սրանք ընտրություններ են՝ հանուն Հայաստանի լինելու և չլինելու և ընդգծեց՝ ընտրել է հանուն բարեկեցիկ ու ապահով Հայաստանի, հանուն Արցախի ու Հայաստանի ապագայի:

Արթուր Վանեցյանը հայտնեց, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է և իրենց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն: Նա նշեց, որ իշխանությունը հասկանում է, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունի, ուստի վերջին ճիգերն է գործադրում՝ իշխանական աթոռներից կառչած մնալու համար:

Արթուր Վանեցյանը նշեց, որ իր կարծիքով՝ հետընտրական զարգացումներ չեն լինի. դրա պատասխանատուն ընդդիմությունը չէ, այլ փաստացի իշխանությունն է:

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն հայտնեց, որ խախտումների մասին ահազանգեր են եղել: Նա նշեց, որ իրենց քվեաթերթիկների վրա ինչ-որ նշումներ են հայտնաբերվել, և ընտրաթերթիկները ընտրատեղամասերում չեն տվել ընտրողներին: Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ ոստիկանական ուժերը ճնշումներ են գործադրել իրենց ակտիվիստների ու շտաբների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել