168.am-ը գրում է.

Երևանի թիվ 6/4 ընտրատեղամասում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը սկսվել է նախատեսված ժամին, սակայն չի անցնում առանց միջադեպերի:

09:15-ի սահմանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող վստահված անձը տեղեկացրեց ընտրատեղամասի նախագահ Էլլա Մելիքբեկյանին, որ խախտում է տեղի ունենում․ քաղաքացին փորձում է քվեաթերթիկի վրա նշում անել գրիչով, նախագահը, որը ևս ՔՊ անդամ է, մոտեցավ քաղաքացուն՝ քվեախցիկին, աղմուկ բարձրացրեց և կանչեց ոստիկանին, ում հետ արձանագրեցին, որ միջադեպ է տեղի ունեցել:

Կինը տեղեկացրեց, որ պարզապես տեղեկացված չի եղել, թե գրիչ հարկավոր չէ, ու կարիք չկա աղմուկ  բարձրացնել, ցանկանում է քվեարկել ըստ օրենքի և հեռանալ: Այնուամենայնիվ, տեղամասի նախագահն արձանագրություն կազմեց և նոր փաթեթ տրամադրեց քաղաքացուն:

Մինչ այդ ընտրատեղամասում կային կուտակումներ, մեծ աղմուկ, քանի որ քաղաքացուն ուղեկցող տղամարդը պահանջում էր չերկարացնել, քանի որ տիկինը բուժաշխատող է և պետք է գնա աշխատանքի, տվյալ անվերահսկելի աղմկոտ իրավիճակը շարունակվեց մի քանի րոպե:

168.am-ի մի շարք պնդումներից հետո՝ ներկայացնել միջադեպը, հանձնաժողովի նախագահը հորդորեց չխանգարել՝ այն դեպքում, երբ չէր վերահսկում իրավիճակը տեղամասում, ապա խնդրեց դիմել վստահված անձին, ով ներկայացրեց միջադեպը, որն ըստ էության չտեղեկացվածության հետևանքով էր:

Այնուհետև Էլլա Մելիքբեկյանը, ի վերջո, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քվեարկությունը սկսվել է անխափան, առավոտյան ժամը 08:00-ից:

«Բավականին աշխույժ քվեարկություն է, ինչպես տեսնում եք: Դադար, հանգիստ չունենք, մի թեթև միջադեպ էր, դա էլ հարթվեց»,- ասաց նա՝ հաղորդելով, որ տեղամասում գրանցված է 1827 ընտրող:

168.am-ը զրուցեց նաև տեղում աշխատող «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձի հետ, ով ևս առանձնացրեց միայն այդ միջադեպը՝ ասելով, որ խնդիրներ առանձնապես չեն գրանցվում:

ՀԱԿ վստահված անձը ևս նույնն ասաց:

Նշենք նաև, որ տեղամասում աշխատում էր ՔՊ երկու վստահված անձ, ինչը, հանձնաժողովից ասացին, որ թույլատրվում է: Մեր աշխատանքի պահին ընտրատեղամասում դիտորդություն էին իրականացնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2 դիտորդները թարգմանչի ուղեկցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել