168.am-ը գրում է.

2020 թվականի 7,6%-ով տնտեսական անկումից հետո Հայաստանը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել։ Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչները աջուձախ գլուխ են գովում այս տարվա 2,6%-ով աճի մասին՝ դիտավորյալ չնշելով, որ այս «աճը» նախորդ տարվա անկման համեմատ է հաշվարկված (զրոյին մոտ թվի հետ համեմատած)։ Իսկ այս տարվա իրական աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության և շինարարության ոլորտների աճով։

Սյունիքում Փաշինյանը մի քանի քվե ավել շահելու և իր քաղաքական հակառակորդին պատժելու համար խոսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և առհասարակ հանքարդյունաբերության ազգայնացման մասին։ Սա գործող իշխանությունների հերթական պոպուլիզմն է, որը լրացուցիչ անորոշություն, սպառնալիք է ստեղծում Հայաստանի տնտեսության համար, և հաշիվ առնելով հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտահանման կարողությունները, վարկային խոշոր պարտավորությունները՝ վարչապետի պաշտոնակատարը մեծ հարված է հասցնում Հայաստանի ֆինանսական և սոցիալական կայունությանը։

Ի դեպ, հիշեցնեմ, որ Հայաստանի սահմանադրությամբ ընդերքն ազգային է, այսինքն՝ ՀՀ կառավարությունը տրամադրում է այս կամ այն կազմակերպությանն ընդերքի օգտագործման իրավունք, և ոչ որպես սեփականություն։ Հանքարդյունաբերության ոլորտում մեծ արժեք է ներկայացնում ոչ թե գործարանի պատերը, սարքավորումները, այլ ընդերքի օգտագործման իրավունքը, որը տրամադրում է հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Անշուշտ, հանքարդյունաբերության ոլորտում փոփոխությունների խիստ կարիք կա, և չպետք է ընդերքի շահագործումը շարունակվի իրականացվել ի հաշիվ հաջորդ սերունդների։ Դրա համար անհրաժեշտ է մասնագիտական քննարկումներ և վերլուծություններ, որոնք թույլ կտան գտնել եկամուտների արդարացի բաշխման նոր և արդյունավետ մեխանիզմներ։

Ընտրություններից հետո էլ կյանք կա․․․

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել