Armeniasputnik.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ Շուշիում ստորագրված հռչակագրի շրջանակներում կարող է խոսք լինել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ: Այս մասին Թուրքիայի նախագահը լրագրողներին հայտնել է այսօր՝ հունիսի 17-ին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NTV հեռուստաալիքին։

«Դա (բազայի ստեղծման տարբերակը) դուրս չի գալիս (հռչակագրի) դրույթների շրջանակից։ Այս հարցի զարգացումը հնարավոր է։ Այս թեման կարող է զարգացում ստանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում։ Եվ մեր բանակցությունների ընթացքում այն նույնպես կարող է իր ձևով իրականացվել», - ասել է նա՝ պատասխանելով Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա հայտնվելու հավանականության մասին հարցին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել է նախ Վարանդա (Ֆիզուլի), ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը Շուշին գրավել է անցած տարի, 44-օրյա պատերազմի արդյունքում։ Քաղաքի գրավումից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության համաձայն, մարտական գործողությունները դադարեցվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել