Hraparak.am-ը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղպայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիք կատարած այցի ժամանակ ուշ գիշերին կանգ է առել նաեւ Շուռնուխում։ Սա այն համայնքն է, որի 12 տուն՝ նոյեմբերի 9-ին ստորագրած իր հայտարարության արդյունքում, անցավ ադրբեջանական կողմին, եւ ապրիլին այս գյուղում նրան գրեթե դուրս էին հրավիրել՝ հրաժարվելով հյուրընկալել, ուստի առավել կարեւոր էր ցույց տալ, որ «իրավիճակ է փոխվել», եւ Շուռնուխը հաշտվել է իր կարգավիճակի, ինչպես նաեւ ադրբեջանական հարեւանության եւ իր հողերը հանձնած վարչապետի գոյության հետ։

Շուռնուխ կատարած կարճատեւ այցի մասին երեկ Փաշինյանը կիսվել է ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով շուռնուխցիներին՝ «ջերմ» ընդունելության համար: «Պայմանավորվեցինք շուտով հանդիպել ավելի հանգիստ պայմաններում եւ քննարկել ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը»,- նշել է պաշտոնակատարը։

Տեղեկացանք, որ Փաշինյանին «ջերմ» ընդունելության արժանացնելու կազմակերպիչը եւ Փաշինյանի ակտիվ զրուցակիցը հայտնի շուռնուխցի, ԼԳԲՏ ակտիվիստ Հայկ Հակոբյանի հայրն է՝ Գավրոշա Հակոբյանը, որին կողքից «բալետ» էր անում կինը՝ տիկին Հայաստանը։ ԼԳԲՏ ակտիվիստ Հայկ Հակոբյանն ակտիվ մասնակցել է թավշյա հեղափոխության ընթացքում իրականացված միջոցառումներին։ Հեղափոխությունից ամիսներ հետո՝ օգոստոսին, Հայկն ու ընկերները հայրենի Շուռնուխում բռնության էին ենթարկվել, Հայկը հյուրընկալել էր ընկերներին, որոնք, ենթադրաբար, նույնպես ԼԳԲՏ ակտիվիստներ էին, գյուղում նրանց վարքը չէին կարողացել հանդուրժել, եւ գյուղացիները նրանց ծեծելով «վտարել» էին Շուռնուխից։

Իսկ այսօր իշխանությանն աջակցելու խնդիրն իր ուսերին է վերցրել սույն երիտասարդի հայրը։ Ուշագրավ է, որ Փաշինյանի մոլի աջակիցը հանդիպմանը խոստովանեց, որ ամիսներ առաջ հենց իր անասուններն են ադրբեջանցիները տարել։ «13 անասուն են տարել, իմ հիմնական եկամուտն էր, 50 գլուխ անասուն ունեի, բայց հիմնական կթուներին են տարել»,- ասաց նա։ Բայց մինչ այդ Գավրոշա Հակոբյանն արդարանում էր Փաշինյանի առաջ, թե իրեն անցած անգամ Սյունիքում դիմավորողների (նկատի ունի «սյունյաց ողջույններ» փոխանցողների) 80 տոկոսը կապ չունի Շուռնուխի հետ։ «Դուք մի նեղացեք շուռնուխցիներից»,- աղերսում էր տղամարդը։ Ապա պահանջում էր վերահսկել գյուղին տրված օգնությունը․ «Մեկը չկա՝ վերահսկի գյուղապետին, օգնությունը գալիս ա, փակում են սենյակում, հետո գյուղապետն ընկնում զանգում է․․․»։ Փաշինյանը սպառնալից խոստացավ․ «Ստեղ կան մարդիկ, որոնցով ես անձամբ եմ զբաղվելու»։ Ի դեպ, Փաշինյանը շուռնուխցիների բարձրաձայնած խնդիրները հպանցիկ էր լսում եւ հորդորում, թե դրանք թող մնան ընտրություններից հետո․ «Իմացեք, ես ձեր կողքին եմ»։

Մենք կապվեցինք Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանի հետ, ով հաստատեց, որ Փաշինյանին հյուրընկալողները հայտնի ակտիվիստի հայրն ու մայրն են։ Ասաց, որ գյուղում  ապրող 34 ընտանիքից հազիվ 3-4 ընտանիքի անդամներ են ներկա եղել այդ հանդիպմանը․ «Ինչ վերաբերում է, որ օգնություն ենք թաքցնում, ապա ծայրից ծայր սուտ են խոսում, օգնություն բերողներն իրենց ձեռքով են բաժանում։ Կասեմ նաեւ, որ համայնքապետարանը զբաղեցրել եմ, լավ եմ արել, մնալու տեղ չունեմ, դա համաձայնեցված է մարզպետի, համայնքապետի  հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել