Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենն իրենց հանդիպման ընթացքում հասցրել են շատ բան քննարկել, ԱՄՆ-ի նախագահի ինքնաթիռում լրագրողներին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ria.ru-ն։

«Նրանց հանդիպումն ավարտվել է սպասվածից ուշ։ Սկզբնական ժամանակացույցում կային որոշ ընդմիջումներ, որոնցից ամբողջովին չօգտվեցինք: Սակայն, ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահը, Պուտինի հետ առանձնազրուցի ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ»,- հայտարարել Է պաշտոնյան։

Նա երկու երկրների ղեկավարների զրույցը համարել է «կենտրոնացած, գործնական և առանց առճակատման»:

Բացի այդ, պաշտոնյայի խոսքով, Բայդենն ու Պուտինը հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորումն առաջ մղելու հնարավորությունները, ինչպես նաև պայմանավորվել են ուսումնասիրել երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքում առկա խնդիրները:

Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումը կայացել է հունիսի 16-ին՝ ժնևում․ բանակցությունները տևել են 4,5 ժամ, ներառյալ՝ ընդմիջումը: 

Հանդիպումից հետո պետությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման գործում` ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքները նվազեցնելու համար»,-ասված է փաստաթղթում:

«Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի», -ասված է համատեղ հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել