168.am-ը գրում է․

ՀՀԿ անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Մկրտչյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները քաղաքացիական պատերազմի բացահայտ կոչեր են:

«Որ մարզ, որ քաղաք այցելում է Նիկոլ Փաշինյանը՝ այնտեղ ծեծկռտուքներ, հաշիվների պարզում է լինում՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ Գռզոյի ախրաննիկների մասնակցությամբ: Իրավապահ համակարգն այդ պահին զբաղված է կապիկությամբ և ոչ թե ՀՀ ներքին անվտանգությունն ու կայունությունն ապահովելով: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի հիստերիայի նոպաների ծափահարություններն ապահովելու համար ուղղակի քաղաքացիական հագուստով հազարավոր ոստիկաններ են բերվում ցույցերի, որպեսզի գոռան՝ Նիկոլ, վարչապետ»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ սա է այն պետությունը, որը թողեց Նիկոլ Փաշինյանը:

«Փաշինյանը, ակնհայտորեն, չի թաքցնում, որ դեմ չի լինի քաղաքացիական բախումների, հստակորեն հայտարարում է, որ եթե իր ուզած քվեի քանակը չնկարեն, դա 60+ տոկոսն է, ապա այո՛, կլինեն բախումներ: Նա վրեժի, վենդետաների կոչեր է անում, և հայ հասարակությունն էլ հասկանում է, որ ինքը դավաճան է, կորցրել է մեր պետականությունը, ծախել է Արցախը, պետք է գնա:

Փաշինյանն այնպես է անում, որ նույնիսկ այս ամենը հասկանալով՝ մենք վախենանք հետընտրական պրոցեսներից, հերթական անգամ Փաշինյանի կողմից լավ կազմակերպված Մարտի 1 տեսնելուց, հերթական զոհերից և սուսուփուս, ինչ իրենք կնկարեն՝ այդ նկարչության շրջանակներում շարունակենք ապրել: Բայց նման բան չի լինելու, մենք բոլորս միասնականությամբ Նիկոլ Փաշինյանին վռնդելու ենք հունիսի 20-ին, և եթե ուզում եք՝ կարող է մի շաբաթ էլ իր քաղաքապետարանի միջոցով իբր որոշի ցույցեր կազմակերպի, որտեղ, վստահ եմ, որ էլի ոստիկանապետն է ապահովելու այդ մարդկային զանգվածը, բայց ամեն դեպքում, յուրաքանչյուրի պատասխանատվության ժամանակը՝ իր պատասխանատվության չափով, կգա»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուի խոսքով՝ գործող իշխանությունների նպատակն է՝ վերջին շնչին հասցնել ՀՀ պետականությունը, ինչպես, նրա խոսքով՝ արեցին Արցախի պարագայում: «Թուրքը ոտք դրեց Շուշի, այնտեղ կնքեց ռազմավարական դաշնակցության հերթական համաձայնագիրը, և Թուրքիան Շուշիում բացում է հյուպատոսություն. սա այն նվերն է, որ Նիկոլ Փաշինյանը տվեց մեզ: Հիմա էլ անամոթաբար գնում է Սյունիք և հայտարարում, որ Սյունիքը Հայաստան է, կարո՞ղ է հունիսի 21-ին Երևանի իր հանրահավաքի ժամանակ ասի՝ Երևանը Հայաստան է, և վերջ: Չհասկացա, ո՞վ էր կասկածի տակ դրել Սյունիքի հայկականությունը կամ ՀՀ վարչատարածքային միավոր լինելը, թե՞ ինչպես Արցախը տվեց թուրքին, այնպես էլ այս նախադասությանը շարունակելու է թուրքի ոտքը Սյունիքում: Չնայած՝ արդեն մեկ ամսից ավելի հազարավոր թուրք-ադրբեջանական ահաբեկիչներ գտնվում են Սյունիքում»:

Անդրադառնալով Ալիևի և Էրդողանի Շուշի կատարած այցի ֆոնին Փաշինյանի այն հայտարարությանը, թե հունիսի 21-ին Թուրքիայի դրոշ այրող դաշնակցականներն իրենց դրոշը պետք է այրեն, Աննա Մկրտչյանն ընդգծեց.

«Սա բացահայտ աջակցություն է Թուրքիային, սա բացահայտ խոսում է նրա մասին, որ մենք ամիսներ շարունակ ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանը թուրքի կոշիկ լիզող է, իր այդ ամբողջ հավաքական խմբակն է «օմեգա», և ոչ միայն՝ Արարատ Միրզոյանը, որը վերջերս խոստովանեց, որ այդ փաստաթուղթն իրական է, հետևաբար՝ առաջին մասն էլ է իրական, ինչից բխել է իր այդ փաստաթուղթը՝ գրված ԱԱԾ-ում: Այս մարդիկ թուրքական գործակալներ են, ովքեր ՀՀ-ում առաջ են մղում թուրքական շահը, այսինքն՝ մեր ամբողջ կառավարման համակարգը հիմա Թուրքիայի դեսպանություն է, և ՀՀ քաղաքացին, հայ հասարակությունը պայքարում է ՀՀ-ում Թուրքիայի շահերը առաջ տանող անձանց հետ, մարդու հետ, ով ունի բացարձակ լիազորություն, ով գիժ ձևանալով՝ մեզ տանելու է քաղաքացիական բախումների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել