168.am-ը գրում է․

Լինում են իրավիճակներ, երբ թվում է՝ ամեն ինչ արդեն կործանված է և ավելի վատ այլևս չի կարող լինել։ Հայաստանն այսօր, կարծես, նման դրության մեջ է։ Չկա անվտանգություն, չկա ներքին և արտաքին քաղաքականություն, չկա տնտեսություն, չկա այդ ամենի համար կոնկրետ մարդկանց պատասխանատվության կանչելու հնարավորություն և չկա ներքին միասնություն։ Փոխարենը կան ավերածություններ, տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր և այս ամենի հանդեպ համատարած անտարբերություն։

Հարց է առաջանում՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ ավելի վատ լինի։ Ուժեղ երկրաշա՞րժ, նոր պատերա՞զմ, կոտորածնե՞ր… Գիտե՞ք ինչու եմ հարցն այսպես դնում։ Որովհետև ինձ մոտ արդեն վաղուց ձևավորված տպավորություն կա, թե մեր ժողովուրդը և հատկապես նրա ակտիվ հատվածը, հենց նման մի բանի է սպասում։ Բոլորն այնպիսի տրամաբանությամբ են գործում, կարծես Հայաստանում ամեն ինչ արդեն կործանված է ու ոչինչ այլևս հնարավոր չէ փրկել։ Այո, բոլորը՝ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, թե՛ ստեղծված իրավիճակով մտահոգ շրջանակները և թե՛ լայն զանգվածները։ Բացառություններ իհարկե կան, բայց նրանք վճռական ազդեցություն ընդհանուր տրամադրությունների վրա դեռևս չունեն։

Բայց արդյո՞ք ամեն ինչ հենց այդպես է։ Իմ խորին համոզմամբ՝ ոչ։ Բարեբախտաբար, Հայաստանում դեռ ամեն ինչ չէ կործանված։ Մենք ունենք բանակ, եկեղեցի, պետական ինստիտուտներ, արժեքներ և այլն, և այլն։ Այո, ծանր վիրավոր, բայց ունենք։ Եվ մեր խնդիրն այդ ամենը բուժել ու վերականգնելն է։ Ճիշտ այնպես, ինչպես բժիշկները պայքարում են առաջին հայացքից անհույս հիվանդ թվացող մարդկանց կյանքի համար, այդպես էլ և մենք պետք է կռիվ տանք մեր պետության ու հայրենիքի ապագայի համար։ Չհիասթափվենք, չհոգնենք, չկասկածենք… Այլ հետևողականորեն աշխատենք։

Թվում է՝ պարզ բան եմ ասում։ Ինքնին ենթադրվող։ Բայց եկեք անկեղծ լինենք. այս ամենի մասին ես այսօր չէի խոսի, եթե վերոնշյալ տպավորությունս օր օրի համոզմունքի չվերածվեր։ Պարզ օրինակ բերեմ՝ Հայոց Բանակի մասին վերջին օրերի հանրային դիսկուրսը։ Թերթում եմ լրատվականների էջերը, այնպիսի մտքեր եմ հանդիպում՝ այն էլ այնպիսի մարդկանց կողմից արտահայտված, որ պարզապես ապշում եմ։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ հետպատերազմյան քաղաքական զարգացումներում մեր հանրությունը որոշակի ակնկալիքներ ունի զինված ուժերից, մասնավորապես շատերը սպասում են, որ բանակի հրամանատարությունը կձերբակալի դավաճան Նիկոլին և իշխանությունը հայրենասեր ու պետականամետ ուժերին կհանձնի, բայց ամեն դեպքում եկեք երկու կարևոր բան չմոռանանք։ Նախ այն, որ զինված ուժերը միանգամայն այլ առաքելություն ու պարտականություններ ունեն և երկրորդ, որ անգամ այդ իրողություններում բանակը հանրությանը դավաճանին պաշտոնանկ անելու իրական հնարավորություն տվեց, որից մենք բոլորս միասին չօգտվեցինք։

Բայց եկեք դեռ մի կողմ դնենք բանակի ու քաղաքական զարգացումների մասին մտքերը։ Խոսքս այլ բանի մասին էր։ Այն, որ բանակից անհարկի հիասթափված մեր շատ հայրենակիցներ սկսել են այնպես խոսել ՀՀ ԶՈՒ մասին, կարծես այլևս վերջ՝ մենք էլ բանակ չունենք ու պետք էլ չի ունենանք։ Սա ի՞նչ մոտեցում է։ Զգում եք, չէ՞, պարադոքսը՝ բանակը քննադատվում է ոչ թե պատերազմում կրած պարտության, այլ զինված հեղաշրջում չանելու համար։ Այն էլ ինչպես է քննադատվում… Արհամարհանքի ու վիրավորանքների պակաս չկա։ Խոսում են առանց ամոթի ու ապագայի մասին մտածելու։

Շատ անկեղծ եմ ասում՝ ես հասկանում եմ, որ ամեն ինչ քանդած իշխանություններն իրենց չեն սահմանափակում երկրում նոր ավերածություններ անելու հարցում, բայց դա անթույլատրելի մոտեցում է մնացած բոլորի համար։ Իհարկե, չեմ ասում, որ օրինակ նույն բանակին հանրությունը հարցեր չպետք է տա։ Ես ինքս բազում հարցեր ունեմ և՛ մեր բանակին, և՛ եկեղեցուն, և՛ առանձին վերցրած բազում գործիչների։ Վստահ եմ կհամաձայնեք, որ նման քննարկումները միայն օգտակար կարող են լինել մեր պետությանը։ Բայց գծեր կան, որ պետք չէ հատել։ Անթույլատրելի է։

Ավելին ասեմ՝ ես ամենևին դեմ չեմ լինի, եթե որոշ հարցերի շուրջ հանրությունն ինքն իր առջև տաբուներ դնի։ Հասկանում եմ, որ ժամանակակից իրողություններում այդ առաջարկը կարող է առնվազն անհասկանալի մնալ մարդկանց մեծամասնության համար, բայց նաև վստահ եմ, որ ավելի խորը մտածելու պարագայում նրանք կհասկանան ինձ։ Խնդիրն այն է, որ մենք այնքան ռեսուրս չունենք, որպեսզի այդքան հեշտ հրաժարվենք թեկուզ և մեկ-երկու անգամ սխալված մարդկանցից կամ ինստիտուտներից։ Ինչը հնարավոր է փրկել պետք է փրկել։ Հավատացեք՝ այլ տարբերակ չունենք։ Միայն այդպես հնարավոր կլինի կրկին ուժեղացնել մեր պետությունն ու վերականգնել կորցրածը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել