Tert.am-ը գրում է.

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են առողջապահական իրավունքին և օրենսդրությանը․

«ՀՀ Առողջապահության բնագավառի մայր օրենքը՝ բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին, գործում է 1996 թվականից։ Մեր սանիտարական նորմերի մի զգալի մասը գալիս է դեռ խորհրդային տարիներից  ու այնտեղ կարող եք  գտնել  քլորակիր կամ քլորամին կիրառելու պարտադրանք։ Առողջապահական կազմակերպությունների լիցենզավորման պահանջներում կգտնեք սարքեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում, դուրս են եկել արտադրությունից, բայց մենք պահանջում ենք ունենալ։ Աշխարհի ամենաառաջադեմ հիվանդանոցների վիրահատարանների մի մասը տեղակայված է գետնի տակ, որպես ստերիլության և իզոլյացիայի ապահովման լավ տարբերակ, իսկ մենք չենք թողնում տնտեսվարողին, որ կիսապադվալային հարկում ստոմատոլոգիական կրեսլո ունենա։ Լաբորատորիայում վերջին սերնդի արյան անալիզատորը տպում և տալիս է արյան քննության պատասխանը՝ կից գրաֆիկներով ու դիագրամներով, իսկ նախարարությունը պարտադրում է այն ձեռքով արտագրել ինչ որ հորինված բլանկի վրա՝ չհասկանալով , որ դա բժշկական սխալի աղբյուր է ու անիմաստ աշխատանք։ Ու եթե հարցնես, ոչ մեկը չի կարող ասել ինչու՞ ։ 

Իսկ ես կասեմ, թե ինչու։ Որովհետև չինովնիկները, որոնք գեներացնում են այդ անիմաստ նորմատիվներն ու հրամանները, գրեթե երբեք պրակտիկ առողջապահությունում չեն աշխատել, բժշկի խալաթ չեն հագել, հիվանդության պատմագիր չեն լրացրել, քննիչին կամ տեսուչին չեն փորձել հիմնավորել , թե ինչու չեն լրացրել այս կամ այն անիմաստ մատյանը, կամ ինչու չունեն 1976 թ․ արտադրության պնևմոտախոմետր։

Դրանից է գալիս նաև համոզումս, որ առողջապահության ոլորտի մասնագիտական կարգավորումների դաշտը պետք է պատվիրակել բժշկական ասոցիացիաներին (տես հոդվածը բժշկական ասոցիացիաների մասին) ։

Մեր օրենսդրությունը պետք է հիմնովին նորացվի։ Մենք պետք է վերջապես ունենանք Առողջապահության մասին ՀՀ օրենք, սանիտարական և հակահամաճարակային ոլորտը կարգավորող նոր օրենք և նորմեր, արդիականացված և պարզեցված օրենսդրություն լիցենզավորման ոլորտում։ Պետք է կարգավորենք դեղերի ապօրինի շրջանառությունը և պարզեցնենք դեղերի գրանցումն ու ներմուծումը, իսկ առողջապահության ոլորտի հարկման դաշտը այնպիսին պետք է լինի, որ այստեղ իմաստ ունենա բժշկական տուրիզմ զարգացնել։

Ինչ վերաբերվում է մեր առողջապահական հիմնարկների տնօրեններին՝ հատկապես պետական հատվածի, ապա համոզում ունեմ, որ օր առաջ պետք է ներդնել այնպիսի օրենսդրական կարգավորում, որ պետական առողջապահական կազմակերպության տնօրեն կարողանա նշանակվել միայն անձը, ով սովորել է առողջապահության կառավարում, հանձնել է քննություն և պետության կողմից ստացել առողջապահական կազմակերպության տնօրենի հավաստագիր։ Լավ բժիշկ լինել դեռ չի նշանակում լինել լավ տնօրեն, և առավել ևս լավ տնտեսագետը, իրավաբանը կամ գյուղատնտեսը չեն կարող պետական հիվանդանոցի կամ պոլիկլինիկայի տնօրեն դառնալ միայն այն պատճառով, որ որևէ պաշտոնյայի բարեկամն են կամ կուսակցական ակտիվիստ։ Ցավոք, վերջին շրջանում դա ավելի ու ավելի հաճախ է հանդիպում ՝ հատկապես մարզերում։

Առանձին կուզեմ խոսել բժիշկների իրավական պաշտպանվածության խնդիրներից։ Մեր օրենքները գրված են այնպես, որ մեղավորը միշտ բժիշկն է։ Հիվանդանոցի տնօրենը կամ սեփականատերը չի ապահովել, որ հիվանդանոցը արյան փոխներարկման համար արյուն ունենա պահեստավորած, իսկ երբ այդ արյան բացակայության պատճառով ծննդկան է մահանում, մեղավորը բժիշկն է։ Մենք փոխելու ենք այս իրավիճակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել