168.am-ը գրում է․

Ընտրություններից առաջ իշխանության քաղաքական թիմն այնպես է իրեն պահում՝ կարծես Հայաստանը վերածել է դրախտի։ Տնտեսական այնպիսի աճերից ու զարգացումներից են խոսում, թվում է, թե մի ուրիշ իրականության մեջ ենք։

Ո՛չ տնտեսությունն է ճգնաժամի մեջ, և ո՛չ էլ սոցիալական խնդիրներ են ավելացել, ո՛չ աղքատությունն է խորացել, ո՛չ արտագաղթն է ակտիվացել, և ո՛չ էլ երկիրն է կանգնած փակուղու առաջ։ Ամեն ինչ այնքան լավ է, որ բոլորը պետք է գոհ ու երջանիկ լինեն՝ նման իշխանություն ունենալու համար։

Այսպիսի ցինիկ պահվածք երբևէ որևէ իշխանություն իրեն թույլ չէր տվել։ Երեք տարվա ընթացքում ինչ աղետ ասես չբերեցին երկրի ու ժողովրդի գլխին։ Եվ այդքանից հետո դեռ համարձակվում են իրենց արածների ու չարածների պատասխանատվությունը դնել ուրիշների վրա։

Լավ հիշում են ու կրկնում, որ 2019թ. տնտեսական աճ ենք ունեցել, բայց որ դրան հաջորդող տարում ունեցել ենք նույնքան կտրուկ անկում, համատարած ձախողումներ, ոչ մի խոսք չկա։ Ու երբ ներկայացնում են իրենց տնտեսական հաջողությունները, ոչ թե 2020թ., այլ 2019թ. ցուցանիշներն են մեջբերում։ Կարծես 2020թ. պատասխանատուն իրենք չեն, ու իրենց չեն վերաբերում տնտեսության ձախողումներն ու կորուստները։

Այնինչ, փաստն այն է, որ այսօր տնտեսության բազմաթիվ ոլորտներում գտնվում ենք այն դիրքում, ինչ դիրքում գտնվում էինք 2-3 տարի առաջ։

Այդքանից հետո ապշում ես, երբ տեսնում ես, թե ինչպես են մարդկանց խաբում ու խեղաթյուրում իրականությունը։

Նախընտրական հանդիպումների ժամանակ տնտեսության մեջ մշակող արդյունաբերության ծավալների ավելացման մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը ու բերում է 2019թ. ցուցանիշները։ 2021թ. է, խոսում է 2019թ. մասին։ Այն դեպքում, երբ այսօրվա վիճակով ունենք խայտառակ պատկեր։ Մշակող արդյունաբերությունը նույնիսկ անցած տարվա անկումից հետո դեռ շարունակում է նվազել։ Ու եթե արդյունաբերությունը դեռ մնում է ջրի երեսին, ապա հիմնականում այն ընդերքի շնորհիվ է, որը Նիկոլ Փաշինյանը եկել էր փրկելու անխնա շահագործումից։

Փրկելու փոխարեն, ընդերքի շահագործման ծավալները գրեթե կրկնապատկել են։ Դա էլ դարձել է արտահանման այն չնչին աճի պատճառը, որը դեռ ունենք։

2018թ. համեմատ արտահանումն այս տարվա 4 ամիսներին ավելացել է 55 մլն դոլարով։ Չզարմանաք, եթե ասենք, որ նույն ժամանակահատվածում միայն հանքահումքային ապրանքների արտահանումն ավելացել է 72 միլիոնով։

Ստվերի կրճատումը դարձրել են մատի փաթաթան, հարկային եկամուտների 40 տոկոս աճի և 500 մլրդ դրամով ավելացնելու մասին են խոսում։ Բայց չեն ասում, եթե այդպես է, ինչի՞ համար են այդքան պարտքեր վերցնում, որպեսզի բյուջեի ծախսերը կարողանան կատարել։ 2020թ. սկսած մինչև այսօր կառավարությունն արտաքին ու ներքին աղբյուրներից 1,5 մլրդ դոլարի նոր պարտք է վերցրել։ Ու դա արել է, որովհետև բյուջեում փող չի եղել՝ նախատեսված ծախսերը կատարելու համար։

Ի՞նչ 40 տոկոս աճի մասին է խոսքը։ 2018թ. մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը փողոցից հանկարծ հայտնվեց վարչապետի աթոռին, այդ տարի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմեցին 1 տրիլիոն 258 մլրդ դրամ։ 2020թ. ֆինանսական տարին փակեցինք պետական բյուջեի 1 տրիլիոն 385 մլրդ դրամ մուտքերով։

Սրանք պաշտոնական ցուցանիշներ են, որոնք վկայում են, որ 2 տարում բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են հազիվ 127 մլրդ դրամով։

Երկու տարվա ընթացքում աճը կազմել է ընդամենը 10 տոկոս։ Մնացածը խաբկանք է ու հասարակությանը մոլորեցնելու փորձ։

Հարկային եկամուտների ոչ մի 40 տոկոս աճ էլ չունենք։ Չենք ունենա նույնիսկ 3 տարվա կտրվածքով։

Այս տարվա պետական բյուջեով կառավարությունը պարտավորվել է ապահովել 1 տրիլիոն 440 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Եթե հաջողվի այն կատարել, ապա 2018թ. համեմատ կունենան ավել հավաքված 182 մլրդ դրամ։

Երեք տարվա ընթացքում հարկային եկամուտների աճը կկազմի ընդամենը 14,5 տոկոս։ Այլ կերպ՝ միջին տարեկան ընդամենը 5 տոկոսին մոտ։

Իսկ եթե որոշենք հաշվել նաև դրամի արժեզրկման ու գնաճի ուղղակի ազդեցությունը, ապա այդ աճն էլ ընդհանրապես կկորցնի իր իմաստը։

Վերջին երեք տարիներին բյուջեի եկամուտների առումով մենք բոլորովին էլ արտառոց աճեր չունենք։ Այն, որ ավտոմեքենաների ակտիվ ներմուծման շնորհիվ կարողացանք որոշակի հավելյալ մուտքեր ունենալ ու բարձր եկամուտներ ապահովել 2019թ., ամենևին էլ ո՛չ Նիկոլ Փաշինյանի, և ո՛չ էլ նրա կառավարության շնորհքն էր։

Այդպես էր լինելու՝ անկախ նրանից, թե ով կլիներ իշխանության ղեկին։ Դա նախկինների աշխատանքի արդյունքն էր, որի պտուղները բաժին ընկան Նիկոլ Փաշինյանին։

Բայց այդպես էլ չհասկացան, որ այդ պրոցեսը չէր կարող երկար շարունակվել։ Խելքից դուրս պարտավորություններ վերցրեցին բյուջեի վրա ու բյուջեն դրեցին հարվածի տակ։

Մի կողմից՝ ավտոմեքենաների ակտիվ ներմուծման ժամանակաշրջանի ավարտը, մյուս կողմից՝ տնտեսության փլուզման հետևանքով առաջացած կորուստները, շուտով պետությանը կանգնեցրին փաստի առաջ։ Չստացվեցին նախատեսված մուտքերը, ու կառավարությունը կրկին ձեռքը մեկնեց վարկատուներին ու ավելացրեց պետական պարտքը։

Բայց պարտքերով երկիր չեն պահին։ Սպառվում են նաև պարտք ներգրավելու կարողությունները։

Պարտքերով տնտեսությունը չի կարող զարգանալ։ Մեզ անհրաժեշտ են մեծածավալ ներդրումներ։ Այնինչ՝ գործող վարչակազմը դարձել է ամենամեծ վտանգը ներդրողների համար։

Սա իրողություն է ու լուրջ ռիսկ մեր տնտեսության համար, որից պետք է հնարավորինս շուտ ձերբազատվել, եթե չենք ուզում եղածն էլ կորցնենք։

Ցանկալին իրականության տեղ ներկայացնելով ու կեղծ լավատեսությամբ գուցե կարելի է ինչ-որ ժամանակ թյուրիմացության մեջ պահել հասարակությանը։ Սակայն դա չի կարող անվերջ շարունակվել։ Սուտը մի օր դուրս է գալու ջրի երես, և դրանից խուսափել հնարավոր չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել