168.am-ը գրում է․

Հունիսի 15-ը Ադրբեջանում նշում են՝ որպես «Ազգային փրկության օր». 1993-ի այդ օրը Հեյդար Ալիևն ընտրվել է  Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ:

ՀՀ-ում հունիսի 15-ը Հայաստանի պետական խորհրդանշանների օրն է՝ դրոշ, զինանշան,  ազգային օրհներգ:

Թուրք-ադրբեջանական տանդեմը ադրբեջանական «Ազգային փրկության օրը» նշանավորեց գրավյալ հայկական Շուշի քաղաք Էրդողանի այցի կազմակերպմամբ  և Իլհամ Ալիև-Էրդողան փաստաթղթերի ստորագրմամբ, ինչը քաղաքական և իրավական նոր որակ է հաղորդելու  Ադրբեջան-Թուրքիա  հարաբերություններին:

Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունը՝  ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ոչ միայն այսօր  չհիշատակեց ՀՀ պետական խորհրդանիշների օրը, այլև «նվեր»-խոստում տվեց Ալիև-Էրդողան եղբայրությանը՝ Սյունիքի մարզ կատարած նախընտրական այցի ընթացքում հայտարարելով, որ «Թուրքիայի դրոշն այրող դաշնակցականները հունիսի 20-ին այրելու են հենց ՀՅԴ-ի դրոշը»: Եվ սա ասվում է Սյունիքի մարզում՝ լավ իմանալով Ադրբեջանի և Թուրքիայի «Զանգեզուրի միջանցք» ունենալու թուրքաադրբեջանական հավակնությունները:

Ըստ էության, դեպի Սյունիք «միասնության ավտոերթ» վերտառությամբ փաշինյանական շոուն՝ ՀՀ քաղաքների և գյուղերի բնակիչների մասնակցությամբ,  բնավ պատահական չէր. Թուրքիային պետք էր ցույց տալ, որ ՀՀ-ում մի զգալի հատված դեմ է թուրքական դրոշը  այրելուն  և կողմ Դաշնակցության դրոշը վառելուն:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, արտահերթ ընտրությունների անցկացման Թուրքիայի ողջույնը ձեռքին, մարտի 20-ին  «նախընտրական» այց էր կատարել  Արագածոտնի մարզ՝ համոզելու տեղի բնակիչներին, որ  դադարեն  թուրքին թշնամի համարել:

«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում՝ որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- Ներքին Բազմաբերդում շեշտել էր նա, ըստ էության, մի կողմ թողնելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության փաստը, դրանից հետո Ադրբեջանի ձեռքով կատարված ցեղասպանությունները, որոնք թշնամական հարաբերությունների մեկնարկային կետերն են հանդիսացել:

Այնուհետև Փաշինյանը փորձել էր հասկացնել, որ Ադրբեջանին և Թուրքիային պետք է դիտարկել որպես գործընկեր՝ հօգուտ ՀՀ տնտեսության զարգացման: Այլ կերպ՝ ապաշրջափակումից Հայաստանը ևս շահելու է. դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև այն պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև պետք է հուսալի երկաթուղային կապ ստանա ՌԴ-ի և Իրանի հետ։

«Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է։ Եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք։ Եթե որևէ մեկը կասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք։ Կոմունիկացիաների բացումը, առավել ևս՝ էս իրավիճակում, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին,- շարունակել էր  Փաշինյանը`հավելելով,- Եթե մեզ հաջողվի բացել երկաթուղային ուղիները, այդ դեպքում կկարողանանք ոչ թե պղինձը հանքաքարի տեսքով արտահանել, այլ ստեղծել պղնձաձուլական արտադրություններ և սրանից բխող հետագա վերամշակման շղթան ապահովել»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած քարոզարշավի ընթացքում չի այցելել Շուռնուխ, Սև լիճ տեղանք, Որոտան էլ «ոտքի» վրա է մտել: Մարզում Նիկոլ Փաշինյանը չի շոշափել մի քանի հարյուր ադրբեջանցի զինծառայողների՝ մոտ 1 ամիս  ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելու և այնտեղից հեռացնելու պայմանը:

Առհասարակ, այս հարցը իշխանությունները մի տեսակ հետին պլան են  մղել: Ասել է թե՝ ամեն ինչ արվում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմին «նեղացնող» խնդիր չշոշափվի:

Փաշինյանը նույնիսկ ստիպում է գերությունից վերադարձածների ծնողներին, որ ասեն՝ իրենց տղայի վիճակը լավ է, ինչի ականատեսը եղանք  վերջերս Քաղսիում՝ ադրբեջանական գերությունից 15 վերադարձածների շարքում եղած Նարեկ Սերունյանի ծնողների հետ զրույցում: Մինչդեռ Նարեկը հուզված պատմել էր, որ Ադրբեջանում իրեն ասել են՝ ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես ու չես մեռել: Այսինքն, առնվազն հոգեբանական ճնշում գործադրվել է:

Արցախյան վերջին պատերազմը, դրա արդյունքում Արցախի 75 տոկոսի կորուստը, մոտ 4.000-ի հասնող զոհերը, մի քանի հարյուրի հասնող անհետ կորածների և գերիների առկայությունը, գերության մեջ հայ զինվորների սպանությունները, հայ կամավորների Բաքվում ազատազրկումները դիվերսանտի անվան տակ Նիկոլ Փաշինյանին չեն ստիպում հրաժարվել մտքից՝ Ալիևը բնավ կառուցողական չէ, կամ ականապատ տարածքների քարտեզների դիմաց գերիների հանձնումը կառուցողականության դրսևորում չէ: Նման որակում կարելի էր լավագույն դեպքում տալ, եթե Ադրբեջանի ղեկավարն ազատ արձակեր հայ բոլոր գերիներին՝ կատարելով  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջը:

Վերադառնալով հունիսյան պատմական  իրադարձություններին և դրանք մոռացության տալուն, հիշեցնենք, որ Շուշիի փայլուն հաղթանակից հետո՝ 1992-ի հունիսի 13-ին, խորհրդային ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը:

Մեկ անգամ չէ, որ շահումյանցիները պնդել են՝  «Ադրբեջանին չէր հաջողվի գրավել Շահումյանն ու Գետաշենը 1992թ.՝ առանց խորհրդային բանակի աջակցության»:

Միաժամանակ, տարբեր առիթներով նշվել է, որ Շահումյանի անկումը քաղաքական որոշման արդյունք էր, որ Հայաստանի իշխանություններից չի եղել համապատասխան աջակցություն, որ «կրակադիլ» տանկերն այդպես էլ տեղ չեն հասել:

Շահեն Մեղրյանն ինքն էլ ժամանակին հայտարարել է՝ Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր:

Ի դեպ, ժամանակին Շահումյանի անկման պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով է ստեղծված եղել, որի հետ կապված՝ սկզբում հույս է եղել, թե այն չի կրկնի տարբեր դեպքերի և սադրանքների քննությամբ զբաղված հանձնաժողովի ճակատագիրը, բայց այս հույսերը չարդարացվեցին, և ոչ մի լուրջ բան տեղի չունեցավ այդպես էլ:

Անցած տարի պատերազմից ամիսներ առաջ՝ 2020-ի հունիսի 13-ին, 168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Կամո Հարությունյանը նշել էր, որ եթե շահումյանցիների կարգավիճակի հարցը չլուծվի, եթե Գետաշենի, Շահումյանի, Մարտունաշենի հարցը չբերվի քաղաքական օրակարգ, ապա  «մի օր էլ այս ամենը չոքելու է Երևանի առաջ»:

«Եթե լռենք, մի օր էլ այս ամենը չոքելու է Երևանի առաջ, մինչև ե՞րբ կարող ենք լռել: Մենք ազատագրել ենք Արցախի շրջանները, մեզ ասում են՝ պիտի այն վերադարձնենք: Մենք դա ազատագրել ենք արյունով, արյունով ազատագրված հողը ո՞նց է հնարավոր վերադարձնել, ես դա չեմ հասկանում: Ինչ վերաբերում է Շահումյանին, այդ հարցի բանակցային սեղանին լինելուն, ապա մենք չենք ասում՝ Շահումյանը տվեք մեզ, փոխարենը՝ Ջաբրաիլը վերցրեք, կամ փոխեք Շուշիի կամ Լաչինի հետ, ոչ, նման բան չկա: Այս ամենը պատերազմի արդյունք է, և մենք կարողացել ենք ազատագրել այն, ինչը մեզ է պատկանում: Մենք պիտի պատրաստ լինենք և պահանջենք, որ ուշ թե շուտ կգա նաև Շահումյանի ազատագրման հերթը, Շահումյան ասելով՝ նկատի ունեմ ընդհանուր Գյուլիստանի մելիքությունը, որը ներառում է Հյուսիսային Արցախը, և՝ ոչ միայն: Սա մեր հայրենիքն է: Մեր դիվանագիտությունը պիտի հարց դնի Ադրբեջանի առաջ՝ բա յոթ շրջան ես ուզում, բա արի Շահումյանի, Հյուսիսային Արցախի հարցերի շուրջ խոսենք, ի վերջո, սկզբից դուք եք դրանք զավթել, հետո նոր՝ մենք Ջաբրաիլ ազատագրել…

Մենք լռում ենք նրա համար, որ՝ տեսեք, տեսեք, հանկարծ մեզ չասեն՝ ագրեսոր, թե 7 շրջան ենք «զավթել»: Մենք 7 շրջան չենք գրավել, մենք լռեցրել ենք ցանկացած կրակակետ՝ անվտանգության ապահովման նպատակով: Ոչ մեկը չի ստիպել Ադրբեջանին, որ Ջաբրաիլից կրակի, «Գրադ» կայանքներ կանգնեցնի և հրթիռակոծի Աղդամից Ստեփանակերտ, արել են, մենք էլ լռեցրել ենք կրակակետերը, ազատագրել Տիգրանակերտը, ինչի՞ մասին է խոսքը: Կրկնում եմ՝ մենք չենք գրավել, մենք ազատագրել ենք: Եթե իրենք ասում են մեզ, որ, եթե հարցը չլուծվի խաղաղ ճանապարհով, ապա այն կարվի պատերազմով, թող լինի, դա ինչ-որ տեղ մեզ համար շանս է մեր հայրենիքը վերադարձնելու,- շեշտել էր ազատամարտիկը և հավելել,-  Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար խոսում է Զանգեզուրը և Երևանը գրավելու մասին, դա մեր լռության հետևանքով է՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի և նրանց հսկողության տակ մնացած այլ տարածքների հետ կապված»:

Ազատամարտիկի կանխատեսումը, ըստ էության, կատարված է, ավելին, Ադրբեջանը այսօր  ոչ միայն զուտ խոսում է Զանգեզուրի և Երևանի մասին, ինչպես նախկինում, այլ գործուն քայլեր է իրականացնում Զանգեզուրն ու Երևանը գրավելու ուղղությամբ՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՀ գործող իշխանությունների լուռ կամ ոչ լուռ համաձայնությամբ և աջակցությամբ:

Հունիսի 13-ին Բուզլուխ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորած լեգենդար հրամանատար Կարոտ Մկրտչյանը՝ Ջամբազի արծիվը, մի առիթով ասել է՝ «Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում: Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»: Այս դարպասը պիտի փակել… Բայց մենք ոչ միայն փակել ենք, այլև ավելացրել ենք Հայաստանի թիկունքի բաց տեղերը և դեռ շարունակում ենք, մինչդեռ այսօր շատ հանգիստ կարող ենք այդ տարածքների հարցը քննարկել, հատկապես, եթե բանակցային գործընթացը փակված չենք համարում և նպատակ ունենք      վերականգնելու գոնե ԼՂԻՄ տարածքը:

Այս առնչությամբ նախորդ տարի 168.am-ի հետ հարցազրույցում  1992-1995թթ.՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ,  ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի անդամ Բորիս Առուշանյանը շեշտել էր. «Շահումյանի և Գետաշենի խնդիրը պիտի լինի բանակցային սեղանին՝ և՛ իրավական տեսանկյունից՝ 1991-ի սեպտեմբերի 2-ի Հռչակագիր, և՛ պատմական ու էթնիկական, ինչպես նաև՝ անվտանգության տեսակետից: Այն կարող է նաև տարածքների հետ կապված հարցի քննարկման ժամանակ պետք գալ: Այսինքն, հարցը կլուծվի փոխզիջումայի՞ն տարբերակով, թե՞ մեկ այլ, այս խնդիրն անպայման պետք է մեջտեղ գա»:

Ի դեպ, սեպտեմբերի 30-ին իշխանական շրջանակներից սոցցանցերում ակտիվ շրջանառեցին Շահումյանի և Գետաշենի ազատագրման լուրերը, ինչը չէր համապատասխանում իրականությանը: Իսկ դրանից օրեր առաջ ԱԽ քարտուղարի կարգավիճակում գտնվող Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե Շահումյանի շրջանը հետ վերցնելը շահեկան չէ:

«Վաղը որ, Աստված չանի, պատերազմ սկսի, մեզ հաջողություն լինի առաջ գնալ, ես Շահումյանի շրջանը չեմ վերցնելու, որովհետև ես կուզենայի դեպի Կասպից ծով, քան, ասենք, գնալ Կիրովաբադի տակը: Հետաքրքիր չի՝ թե հետագայում սահման պահելու համար, թե տնտեսական շահերից, թե էդ հողերի բերքատվության, թե մի շարք այլ հարցերով, թե նավթ ունենալու»,- նշել էր նա:

Ավելի ուշ պարզաբանել էր .«Ինձ հարց են ուղղել ռազմական, ես ասել եմ՝ եթե ինձ ընտրություն տան Կիրովաբադի շրջանը գրավել, թե Լյանքյարանը (Լենքոր) կամ մի այլ տեղ, ես կընտրեի Լյանքյարանի տարածաշրջանը, այլ ոչ թե Կիրովաբադը: Սա էր ամբողջ իմաստը: Ասեցի՝ ռազմական սահման չենք մեծացնում, եթե գնում ենք այս ուղղությամբ, սահման չի մեծանում, դա՝ մեկ, երկրորդ՝ էս, երրորդ՝ էն…»:

Եթե Սամվել Բաբայանի հիշյալ խոսքերը փաշինյանական ոճով ձևակերպենք, կստացվի՝ տնտեսական շահավետության առումով  Շահումյանը «դժբախտ» և «դժգույն» է, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմն իր «կարճ» խելքով ոչ մի կերպ չի փորձում հասկանալ և միլիարդներ է ծախսում դրանք գրավելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել