168.am-ը գրում է․

Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքում նախընտրական կրքեր են բորբոքվում, Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական միջավայրը շարունակում է փոխվել մեծ արագությամբ:

Այս պայմաններում, իհարկե, ՀՀ ԱԳՆ-ում որևէ գործող բարձրաստիճան պաշտոնյա չունենալն աննախադեպ իրավիճակ է ոչ միայն դիվանագիտական խնդիրների մեջ թաղված Հայաստանի, այլև ցանկացած նորմալ պետության համար:

ՀՀ արտաքին դիվանագիտական գերատեսչությունն այս օրերին ավելի մեծ թափով պետք է աշխատեր, արձագանքեր նոր ձևավորվող «աշխարհին», հետևելով փոփոխություններին տարածաշրջանում և դրանից դուրս, հետևելով Բայդենի Միացյալ Նահանգների ակտիվությանը մի շարք ուղղություններով, Իրան-Արևմուտք բանակցությունների վերջին փուլին, Բայդեն-Էրդողան, Բայդեն-Պուտին բանակցությունների արդյունքներին, ամերիկյան նոր հակառուսական պատժամիջոցներին, Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունելու որոշման հաստատմանը, Բայդենի-Ջոնսոն նոր Ատլանտյան խարտիայի ստորագրմանն, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, Իսրայելում քաղաքական վերադասավորումներին և, ի վերջո, վերլուծելով վերոնշյալ զարգացումների անդրադարձը տարածաշրջանում, մշակելով այս ամենում ՀՀ առաջնահերթությունները՝ ըստ ՀՀ պետական շահերի: Սակայն հաշվի առնելով Հայաստանում իշխանության կողմից ծավալվող դիսկուրսի մակարդակը, այս զարգացումները մնում են ստվերում, հնարավորությունները՝ չգիտակցված, դիվանագիտությունը՝ անկարող:

Այնուամենայնիվ հարկ է տեղեկացնել, որ Ժնևում հունիսի 16-ին սպասվում է Բայդեն-Պուտին հանդիպումը, որի շրջանակում նրանք կքննարկեն ռազմավարական կայունության, COVID-19-ի դեմ պայքարի, կիբերհանցագործության դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, ներառյալ՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հունիսի 14-ին կայացել է Ուշակովի զրույցը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հետ, որի ընթացքում հաստատվել են երկու նախագահների հանդիպման ձևաչափի և օրակարգի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները:

«Ժնևի հանդիպման անցկացման նախաձեռնությունը եղել է ամերիկյան կողմից»,- նշել է Ուշակովը: Ժնևում Պուտին-Բայդեն գագաթաժողովից առաջ հունիսի 14-ին կայացել է Ջո Բայդենի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, այս հանդիպման օրակարգում ևս ներառված էր Ղարաբաղյան հակամարտության թեման: Երկու երկրների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել, ինչից հետո նրանց են միացել պատվիրակությունների անդամները: Բայդենի հետ բանակցություններին մասնակցել են ազգային անվտանգության հարցերով նրա օգնական Ջեյք Սալիվանը, ով վերջերս հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ, ինչպես նաև պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ում ակտիվ մասնակցությամբ օրերս Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերիների վերադարձի գործարքը տեղի ունեցավ Ակնայի ականապատ քարտեզների դիմաց: Ստացվում է, որ ԱՄՆ նոր վարչակազմը, որը չսպասեց և միանգամից նախագահի մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Ղարաբաղյան հակամարտությունը քննարկել է թե Էրդողանի հետ հանդիպմանը, թե քննարկելու է Պուտինի հետ սպասվող հանդիպմանը:

168.amի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն նախ նշեց, որ Բայդեն-Պուտին հանդիպման պայմանավորվածությունը հեշտ չստացվեց, սակայն այն կարևոր հանգրվան է դառնալու, քանի որ ներկայումս դիվանագիտությունը իրականացվում է բարձրաստիճան անձնական շփումների շնորհիվ մեծապես, այսինքն՝ այդ հանդիպումները որոշիչ են: Սակայն, ըստ նրա, առանձնահատկությունն այն է, որ արագ է կայացվել այս հանդիպման որոշումը, և պետք է տեղի ունենան պարզապես բանակցություններ, չի սպասվում որևէ համաձայնագրի նախապատրաստում, ստորագրում, այսինքն՝ այս բանակցություններից առաջ երկար նախապատրաստական աշխատանք չի ընթացել: Մալաշենկոյի խոսքով, այս գագաթաժողովն ուղղված է ծանոթությանն ու մտքերի փոխանակմանը շատ լայն օրակարգով:

«Որևէ մեկը մեծ ակնկալիքներ չունի այս հանդիպումից:  Բարձրաստիճան հայտարարություններ են եղել նաև այդ մասին, որ մեծ ակնկալիքներ չունեն այս  հանդիպումից հարաբերությունների լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Բայց գոնե մեկ-երկու ուղղությամբ արդյունքը կարող է լինել ոչ վատ արդյունք նման հանդիպման համար: Այնուամենայնիվ, անկախ արդյունքից՝ ավելի լավ է նման հանդիպում, քան դրա բացակայություն նման փուլում, երբ կողմերը միմյանց նկատմամբ լուրջ մեղադրանքներ են հնչեցնում»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների քաղաքական օրակարգում փոքր խնդիր է:

«Սակայն այն, որ այդ հարցը քննարկվելու է, ցույց է տալիս Միացյալ Նահանգների հետաքրքրությունը տվյալ ուղղությամբ և բարձրաստիճան հետաքրքրությունը, քանի որ դրանով զբաղվում են Բլինքենը, Սալիվանը, ինչը բարձրաստիճան մակարդակ է, և ԱՄՆ-ը միշտ չէ, որ այս տարածաշրջանի հարցերով զբաղվում է այս մակարդակով: Սակայն դա կարելի է բացատրել նաև նրանով, որ կա նպատակ՝ արագ վերականգնել ամերիկյան ազդեցությունը, որը նրանք համարում են, որ նվազել է նախորդ վարչակարգի օրոք: Իրականում, ԱՄՆ ներկայիս քաղաքականությանը բնորոշ է այն, ինչ նաև այս ուղղությամբ է տեղի ունենում:

Չեմ կարծում, որ այս հարցում փոխըմբռնման չեն կարող հասնել Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, քանի որ ԱՄՆ-ը ցանկանում է մասնակցել կարգավորման գործընթացին ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով և հասկանալի է, որ այս ուղղությամբ ճնշումը կմեծանա: ԱՄՆ-ը ամեն կերպ փորձելու է գործոն դառնալ, ինչպես օրերս տեսանք, դա կանի իր դաշնակիցների միջոցով, համագործակցելով տարածաշրջանում Վրաստանի հետ:

Ու կարծում եմ, որպեսզի այլ հարթակ չձևավորվի և ապակայունացնի տարածաշրջանում իրավիճակը, ինչպես նաև խոչընդոտի հետպատերազմյան պայմանավորվածություններին, փոխըմբռնման կհանգեն, հատկապես, երբ Մինսկի խումբը խնդիր չէ Ռուսաստանի համար:

Բացի այս հարցը, ինչպես տեսնում ենք, կան նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, կարծում եմ՝ Ռուսաստանը հակված է լինելու չլարել դրությունը, դեռ հետևելով հարաբերությունների սրության ողջ պատկերի ի հայտ գալուն: Դեռ բոլորը փորձում են հասկանալ, թե ինչպիսին է լինելու նոր սառը առճակատումը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սովոր են այս ձևաչափով աշխատել: Չի բացառվում, որ շարունակեն աշխատել այնպես, ինչպես նախկինում, և չի բացառվում նաև, որ լարվածությունը շարունակի աճել»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել