Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ականապատ տարածքների քարտեզները միտումնավոր «դրել է իր տակն» ու սպասել մինչև նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը, մինչդեռ ավելի վաղ կարող էր դրանք փոխանցել ադրբեջանական կողմին և Հայաստան վերադարձնել ոչ թե 15, այլ բոլոր գերեվարված տղաներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը, որը սերտ կապեր ունի Արցախի խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։

Փոխանակումն իրականացվել է ԱՄՆ–ի և Վրաստանի միջնորդությամբ, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն դեռևս նոյեմբերին նույն հարցով բանակցող ռուսական կողմին հայտնել էին, թե Հայաստանը որևէ ստույգ տվյալ չունի այդ տարածքների ականապատման քարտեզների մասին։

«Եթե հիմա նա  դիմեր ռուսական կողմին, շատ մեծ սկանդալ կլիներ և հարցեր կառաջանար, դրա համար կապ է հաստատել ԱՄՆ-ում գտնվող իր խորհրդականի հետ և նրա միջոցով տեղեկացրել է, որ պատրաստ է ԱՄՆ Պետդեպի և Վրաստանի վարչապետի միջնորդությամբ այդ քարտեզները հանձնել Ադրբեջանին»,- նշեց Ավագյանը։

Նրա խոսքով` քարտեզները, որոնք Փաշինյանը փոխանցել է ադրբեջանական կողմին 15 գերու դիմաց, 100.000 ականի տեղեկություն են պարունակում, իսկ մեկ ականի ականազերծման համար Ադրբեջանը ստիպված էր մոտ 1000 դոլար ծախսել։ 

«Եթե այդ թիվը բազմապատկենք 1000 դոլարով` կստացվի, որ այդ քարտեզն ունենալով, ադրբեջանական կողմը չի ծախսի 100 մլն դոլար, բացի դրանից` չի ծախսի այն 10-15 տարին, որը նա պատրաստվում էր ականազերծման համար ծախսել»,- հավելեց նա։ 

Ավագյանն ասում է, որ չնայած այս ամենին` հիմա էլ ռուսական կողմը պատրաստակամ է հնարավորությունների սահմանում և բանակցությունների միջոցով Հայաստան վերադարձնել Բաքվում պահվող մյուս գերիներին. երեկ է հանդիպել գեներալ Մուրադովին։

Հիշեցնենք`հունիսի 12–ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են։ 

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 73 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել