168.am-ը գրում է.

Լազարևյան ակումբի հերթական հավաքին մասնակցել է նաև Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Նա իր ելույթում հիշեցրեց, որ ակումբի վերջին հանդիպումը Երևանում կայացել է 2019-ի դեկտեմբերին, ապա հավելեց. «Այս ընթացքում մեր տարածաշրջանում տեղի են ունեցել  արմատական աշխարհաքաղաքական փոփոխություններ. Թուրքիայի օգնությամբ և միջազգային վարձու մարդասպանների մասնակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը տարածաշրջանում ստեղծել է բավականին վտանգավոր ռազմաքաղաքական կոնֆիգուրացիա:

Այդ ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքների մոտ 70 տոկոսը օկուպացվել է, հայրենիքը պաշտպանելիս հազարավոր երիտասարդներ են զոհվել, հարյուրավորներն անհետ կորել են, և նաև գտնվում են ադրբեջանական գերության մեջ, հազարավոր մարդիկ դարձել են փախստական»:

Նախագահը նաև նկատել է՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ շարունակելու են իրենց հարձակողական քաղաքականությունը, և հավելել, որ այդ մարտահրավերին պետք է դիմակայել միասնական ջանքերով. «Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր ողջ պատմության ընթացում ունեցել են և ունեն հատուկ նշանակություն»:

Բակո Սահակյան այս համատեքստում նաև հիշեցրել է Ռուսաստանի ներդրումը տարածաշրջանային անվտանգության գործում և մասնավորապես ռուս խաղաղապահների դերակատարությունն Արցախում:

Անդրադառնալով Արցախյան հակամարտության էությանը՝ նա ընդգծել է.

«Ես համարել և համարում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարելի որակել՝ որպես զուտ տարածաշրջանային հակամարտություն,- Լազարևյան ակումբի նիստում նշեց Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը՝ պարզաբանելով,- Այն ամենաիսկական համաշխարհային հակամարտություն է, և, բնականաբար, այդ հակամարտության մեջ առկա են համաշխարհային հետաքրքրություններ»:

«Ես զգացողություն ունեի, որ Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է,-ակումբի նիստում այս մասին էլ նշել է Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ մանրամասնելով,- Որովհետև ակնհայտ էր, որ բանակցային գործընթացը սառեցված է, հայկական կողմը խուսափում է բանակցություններից, և ըստ երևույթին,  առանձնապես չպատճառաբանելով դա։ Եվ եթե լռում է դիվանագիտությունը, խոսում են թնդանոթները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել