168.am-ը գրում է․

Նախորդ նախընտրական ծրագիրը տապալելուց հետո՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը հիմա էլ նոր ծրագիր է ներկայացրել ու ավելի շռայլ խոստումներ շաղ տվել։ Մոռացել են, որ նախկինում էլ էին այդպիսի խոստումներ տվել, բայց ոչինչ չեն արել։ Տնտեսությո՞ւնն է աճել, թե՞ մարդկանց սոցիալական վիճակն է լավացել։ Բոլոր առանցքային ուղղություններով իշխանությունը ձախողել է նախորդ նախընտրական ծրագիրը։ Այդքանից հետո կարծում են, թե ընտրողները պետք է հավատան ու վստահեն իրենց։

Նախորդ անգամ խոստանում էին տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովել։ Այսինքն՝ 2 տարում գոնե թե 10 տոկոսին մոտ աճ պիտի ունենայինք։ Բայց ունեցել ենք նույնիսկ 1 տոկոսից ցածր աճ։ Երկու տարում՝ ընդամենը 0,8 տոկոս։

2018թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 12 մլրդ 510 մլն դոլար։ 2020թ. կազմել է 12 մլրդ 614 մլն դոլար։ Երկու տարում ՀՆԱ-ն ավելացել է ընդամենը 104 մլն դոլարով։

Սրա մասին իշխանության քաղաքական թիմն իր նախընտրական ծրագրում չի խոսում։ Հայտնի պատճառներով, 2020թ. տնտեսական տարին ջնջել են իրենց նախընտրական ծրագրից։ Տնտեսության «ձեռքբերումները» ներկայացնում են 2019թ. դրությամբ։ Դրանից հետո կարծես ո՛չ տնտեսություն ենք ունեցել, և ո՛չ էլ տնտեսական ձախողումներ։

Երկու տարում կարողացել են ընդամենը 0,8 տոկոս աճ ապահովել տնտեսության մեջ, այսինքն՝ միջին տարեկան հազիվ 0,4 տոկոս։ Ու այդքանից հետո հիմա եկել նախընտրական ծրագրով միջին տարեկան 7-9 տոկոս աճ են խոստանում։

Եթե անող էիք, ինչի՞ մինչև հիմա չէիք անում։ Միջին տարեկան 5 տոկոս աճ էիք խոստացել, 0,4 տոկոս հազիվ ենք ապահովել։ Ի՞նչ հույսով պիտի մարդիկ վստահ լինեն, որ 5 տոկոսը չեք կարողացել կատարել, 7-9 տոկոսը պիտի կատարեք։

Պարզ է, որ հերթական չիրականացվող խոստումն է, որով փորձ է արվում խաբել ու թյուրիմացության մեջ գցել ընտրողներին։ Չնայած այս անգամ դա այնքան էլ հեշտ չի լինի։ Մարդիկ տեսնում ու իրենց վրա զգում են այն ամենի հետևանքները, որոնք տեղի են ունեցել մեր տնտեսության մեջ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2018-2020թթ. գրեթե չի ավելացել։ Տնտեսության մեջ հավելյալ արդյունք չի ստեղծվել, որը պիտի բերեր մարդկանց բարեկեցության բարձրացման։

2018թ. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 4188 դոլար, 2020թ. դարձել է՝ 4269 դոլար։

Աճել է ընդամենը 81 դոլարով կամ 1,9 տոկոսով։ Հիմա եկել խոստանում են առաջիկա 5 տարում հասցնել 5900 դոլարի։ Այսինքն՝ ավելացնել 1631 դոլարով։

Ո՞նց հավատաս սրան, երբ 2 տարում հազիվ կարողացել են 81 դոլարով ավելացնել։

Զարմանալի չէ, որ աղքատությունը երկրում ոչ միայն չի նվազել, ինչպես նախորդ նախընտրական ծրագրում խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, այլև ավելի է խորացել։ Ու այդքանից հետո խոստանում են աղքատությունը նվազեցնել կիսով չափ։

2019թ. տվյալներով, Հայաստանի բնակչության 26,4 տոկոսն աղքատ է։ 2018թ. աղքատ էր 23,5 տոկոսը։ 2020թ. ցուցանիշը դեռ հայտնի չէ։ Բայց առանց դրա էլ տեսնում ենք, որ երկրում սոցիալական իրավիճակը ավելի է վատացել ու այսօր էլ շարունակում է վատանալ՝ բարձր գնաճի ու ցածր եկամուտների պատճառով։

Այսօրվա բարձր գնաճի պայմաններում չեն կարողանում մարդկանց եկամուտներն ավելացնել, որպեսզի գոնե հնարավոր լինի ինչ-որ կերպ թուլացնել գնաճի ազդեցությունը, խոստանում են առաջիկա 5 տարում միջին աշխատավարձը 190 հազարից դարձնել 300 հազար դրամ։

Եթե մտադիր են դա անել պետական հատվածում պարգևավճարներն ավելացնելու միջոցով, միգուցե։ Իսկ ինչպե՞ս են պատրաստվում մասնավոր հատվածում հասնել միջին աշխատավարձի բարձրացման։ Միայն ոչ վարչական միջամտությամբ։ Այդպես արեցին՝ նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դարձնելով, որ տնտեսության բեռը կտրուկ ավելացրին ու տնտեսական ճգնաժամից առաջ ավելի խորացրին խնդիրները։

Աղքատության կրճատման ճանապարհին խոստանում են բարձրացնել նաև կենսաթոշակը։ Այդ թվում, ինչպես նվազագույն, այնպես էլ միջին կենսաթոշակը։ Նախորդ անգամ էլ էին խոստացել. բարձրացրել են ընդամենը 2-3 հազար դրամով։ Այդքանը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության 3 տարում։ Այս անգամ խոստանում են, որ առաջիկա 5 տարում միջին կենսաթոշակը 43,5 հազարից դարձնելու են 61 հազար դրամ։

Դարձնող էիք, հիմա դարձնեիք։ Հատկապես, որ գնաճը մեծապես հարվածել է սոցիալական խոցելի խմբերին և առաջին հերթին՝ կենսաթոշակառուներին։

Այնպես չէ, որ բյուջեն փող չուներ դրա համար։ Եթե այդքան մտածում էիք կենսաթոշակառուների կամ անապահովների մասին, միջոցներ հաստատ կգտնեիք։

Հանգիստ կարելի էր կտրել պարգևավճարները և բարձրացնել կենսաթոշակները։

Բայց չեն անում, փոխարենը՝ ապագայի խոստումներ են շաղ տալիս։ Լավ իմանալով, որ ապագայում հազար ու մի պատճառաբանություն կարող են բերել՝ սոցիալական վճարները չբարձրացնելու համար։

Մինչև իշխանության գալն էլ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ գալու է ու կենսաթոշակները կտրուկ ավելացնի։ Երբ եկավ, սկսեց չբարձրացնելու պատճառներ փնտրել, նույնիսկ հայտարարել, որ բյուջեում այդքան փող չկա կենսաթոշակներն ավելի շատ բարձրացնելու համար։

Կենսաթոշակառուները կարող էին բավարարվել 2-3 հազար դրամ ավելացումով, իսկ պետական պաշտոնյաները չէի՞ն կարող։ Միայն անցած տարի առնվազն 45 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել պետական կառավարման ապարատում։

Իսկ ինչքա՞ն է բաժանվել նախորդ 2 տարիներին։ Մոտավոր հաշվարկներով, 3 տարում կստացվի գրեթե 120 մլն դոլար։

Այդքան փող կար բյուջեում, աշխատավարձից բացի, պետական պաշտոնյաներին վճարելու համար, իսկ կենսաթոշակը 5 հազար դրամով բարձրացնելու համար չկար։

Երեք տարում կենսաթոշակը բարձրացել է հազիվ 3 հազար դրամով։ Որտե՞ղ է վստահությունը, որ 5 տարում պիտի բարձրանա 17,5 հազարով։

Տնտեսական աճի իրենց դրած թիրախին հասնելու ու սոցիալական խնդիրները լուծելու համար, քաղաքական իշխանությունը կարևորում է ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների դերը։

«Ապահովելու ենք ներդրումների ծավալի զգալի աճ։
Մասնավորապես՝ ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է նվազ լինի 25 տոկոսից: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքն ապահովելու ենք նոր գիտելիքի, կառավարման հմտությունների և արտաքին գործարար կապերի միջոցով: Տնտեսական աճի թիրախին հասնելու նպատակով անհրաժեշտ է լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի 6 տոկոս հարաբերակցություն»,- սա ասում է այն քաղաքական ուժը, որն իր իշխանության տարիներին մեծապես վտանգել է երկրի ներդրումային միջավայը։ Դրա հետևանքները 3 տարում լիուլի վայելել ենք։ Ինչքան Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ներդրումները ողողեցին մեր տնտեսությունը, այնքան էլ սրանից հետո պիտի ողողեն։ Առավել ևս՝ ի հայտ եկած բազմաթիվ մարտահրավերների ու անվտանգային խնդիրների պարագայում։

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե Հայաստանի հարկային օրենսդրությունը դրախտ է բիզնեսի համար, դրանով բիզնեսն իրեն երջանիկ չի զգա։ Ու դա տեսնում ենք ներդրումների օրինակով։

Նախընտրական խոստումներ, անշուշտ, բոլորն էլ կարող են տալ։ Այլ բան է, կկարողանա՞ն կատարել, թե՞ չեն կարողանա։

Մինչև նոր խոստումներ տալը, իշխանության քաղաքական թիմը թող բարի լինի հետ նայել ու տեսնել, թե ինչքանո՞վ է կատարել իր նախորդ խոստումները և արդո՞ք բարոյական իրավունք ունի կրկին խոստումներ տալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել