Իսրայելում հնէաբանները հայտնաբերել են հավի 1000-ամյա ձու, որը հրաշալիորեն պահպանվել է մարդկային կղանքում՝ կեղտաջրի հնագույն ավազանում:

Ձուն հայտնաբերվել է բյուզանդական ժամանակաշրջանի արդյունաբերական համալիրում, որը գտնվում է ներկայիս Յավնեի տարածքում: Ըստ մասնագետների խոսքերի՝ ավելի վաղ հայտնաբերվել են առավել հին ձվի կճեպների կտորներ, սակայն ամբողջական հավկիթ գրեթե չի պահպանվել՝ փխրունության պատճառով:

Ձուն ունի շուրջ 6 սմ երկարություն և ընդամենը մի քանի ճաք կեղևի վրա: Վերջինս, սակայն, ավելի շատ ճաքեր է ստացել այն ժամանակ, երբ այն տեղափոխել են լաբորատորիա՝ ուսումնասիրություններ անցկացնելու:

«Մենք պատրաստվում ենք վերցնել մնացորդները, հանել կոլագենը և փորձել ԴՆԹ-ն ուսումնասիրել», - նշել են գիտնականները:

Թռչնաբուծությունն ի հայտ է եկել Իսրայելում 2300 տարի առաջ՝ հելլենիստական և հին հռոմեական դարաշրջաններում: Իսլամական ժամանակշրջանում, սկսած VII դարից, նկատվել է խոզերի ոսկրերի մնացորդների նվազում, ինչը պայմանավորված էր նրանով, որ այլևս արգելվում էր խոզի միս օգտագործել:

«Մարդիկ այնպիսի սպիտակուցի աղբյուրի կարիք ունեին, որը կարիք չունենար սառեցվելու և պահպանվելու: Եվ նրանք սկսեցին դա ստանալ ձվի սպիտակուցից և հավի մսից», - մանրամասնում են մասնագետները:

Թե ինչպես է ձուն հայտնվել կեղտաջրի ավազանում՝ անհայտ է մինչ օրս: Այդտեղ, մարդու կղանքի հետ միասին, հայտնաբերվել են նաև իսլամական ժամանակշրջանի ոսկրե երեք տիկնիկներ: Նման տիկնիկները որպես խաղալիքներ օգտագործվել են Եգիպտոսում և Պաղեստինում՝ արաբական նվաճումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել