Անահիտ Կիրակոսյանն ու Ալիկ Հակոբյանը հունիսի 12-ին՝ ժամը 20:00-ին, կներկայացնեն «Ինստահարսանիք» նոր նախագիծը, որն իր տեսակի մեջ առաջինն է լինելու:
BlogNews.am կայքի հետ զրույցում Անահիտն ու Ալիկը պատմում են հաղորդման մասին:

Անահիտը, ով այս շրջանում նկարահանվում է «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստանովելում և խաղում է Երաժշտական պետական կամերային թատրոնում, կիսվում է, որ «Ինստահարսանիք»-ի գաղափարն առաջացել է միաժամանակ և՛ իր, և՛ Ալիկի մոտ:

«Ալիկի հետ նոր չէ, որ համագործակցում եմ: Հարսանեկան հաղորդում ստեղծելու բուն մտահղացումն իրենն էր: Ես էլ որոշեցի վերնագիրը, ու սկսեցինք:
Նկարահանումներն ուրախ մթնոլորտում են անցնում»,-ասում է Անահիտն ու հավելում,- «Այսօր շատ դժվար է կրկին փորձել ժպիտ պարգևել, դրականը տալ: Պատճառների մասին գիտենք...
Կփորձենք այս նախագծով ինֆորմացիա հասցնել, հայտնել ամեն բան, ինչ կապված է հարսանիքների հետ:

Կարծում եմ նման նախագիծ դեռ չի եղել ասպարեզում. հետաքրքիր խոստովանություններ, իրական պատմություններ, իրական մարդիկ, իրական կարծիքներ»:

Իր հերթին Ալիկ Հակոբյանը նշում է, որ հաղորդման նպատակն է ցույց տալ մարդկանց, որ հարսանիք կազմակերպելիս կա այլընտրանք:
«Ոմանք իրենց հարսանիքը կազմակերպելիս ընտրում են ավանդական տարեբրակը, ոմանք ՝ ժամանակակից: Մենք ներկայացնում ենք այդ երկու տարբերակների թերություններն ու առավելությունները: Այդ թեմաներին անդրադառնում ենք սոցիալական հարցման և հյուրերի հետ հարցազրույցի միջոցով»,-ասում է նա:

Ալիկը կարծում է, որ այս դրական նախագիծն անհրաժեշտ էր մարդկանց, որովհետև հիմա պետք է ցույց տալ մարդկանց, որ կյանքը շարունակվում է ու կարելի է տրամադրվել լավին:

Իսկ ինչ վերաբերում է Անահիտի հետ համագործակցությանը՝ Ալիկը հավատացնում է՝ Անահիտն այնքան դրական աուրա ունի, որ նրա հետ ամեն բան ստացվում է շատ հեշտ ու հետաքրքիր:
«Քանի որ նա դերասանուհի է, ինքն ամեն ինչ անում է պրոֆեսիոնալ կերպով»,- եզրափակում է իր խոսքն Ալիկը:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել