168.am-ը գրում է․

Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հունիսի 7-ից էլ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 5-րդ օրն ուղևորվել է Տավուշի մարզ, և այսօր էլ նրան ուղեկցում են մեծ թվով ավտոմեքենաներ, որոնք նաև իր հետ հանդիպման մասնակիցների քանակն են ապահովում: Փաշինյանի քարոզարշավին ներգրավված են նաև մեծ թվով ոստիկաններ, կարմիր բերետավորներ, ինչպես նաև դիպուկահարներ:

Ժամը 13:00-ին Փաշինյանը Բերդ քաղաքում էր: 168.am-ը ֆիքսեց, որ, ինչպես մյուս համայնքներում, այնպես էլ այստեղ մեծ թվով  դպրոցականներ և ուսուցիչներ էին ներկա:

Աշակերտներից մի տղա մեզ ասաց, որ մի քանի դպրոցներից կան ուսուցիչներ, իսկ հետո ցույց տվեցին Բերդ քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրենին.

«Ընկեր Ներսիսյանն է, 3-րդ դպրոցի տնօրենը»:

168.am դպրոցի տնօրեն Արև Ներսիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի քարոզարշավին մասնակցելը, արդյոք պարտադրանք չի՞ եղել.

«Մեր դպրոցում այդպիսի բան չի եղել, մեր կոլեկտիվը պատրաստ է մասնակցել բոլոր հանդիպումներին, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ կողմնորոշվել… Եթե գան այլ թեկնածուներ, նրանց հետ նույնպես կարող ենք հանդիպել»:

Ինչ վերաբերում է աշակերտների՝ քարոզարշավին ներկա լինելուն, դպրոցի տնօրենն ասաց.

«Երեխաներն ուղղակի իրենց կամքով եկել են, բայց որևէ մեկը չի ասել երեխաներին, որ մասնակցեն, և վաղը պետք է ճշտեմ, թե ում շնորհիվ են նրանք եկել, որովհետև այդպիսի հայտարարություն չի եղել»:

Արև Ներսիսյանից հետաքրքրվեցինք, թե Փաշինյանի հետ հանդիպումից ի՞նչ տպավորություն ստացավ.

«Ես ավելի շատ երկրի ղեկավար եմ ուզում ընտրել, ոչ թե անհատ, և ուզում եմ, որ երկրի ապագան լավը լինի, ու որևէ մեկը քաղաքականացված չլինի: Ես ինքս որևէ կուսակցության չեմ պատկանում և չեմ պատրաստվում որևէ կուսակցության մեջ մտնել: Իմ կուսակցությունն իմ աշակերտներն են, իմ աշխատանքն է…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել