168.am-ը գրում է․

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի սահմանային տարբեր հատվածներում՝ Նորաբակ, Կութ, Վերին Շորժա և այլ գյուղերի մոտակայքում թշնամին ակտիվ ինժեներական աշխատանքներ է կատարում։ Բացի ինժեներական աշխատանքներից, թշնամին  դիմում է տարբեր սադրանքների՝ բնակիչների կովերն ու ձիերը գողանալուց մինչև գյուղերի ուղղությամբ կրակել։

Ի տարբերություն Վարդենիսի տարածաշրջանի, Ճամբարակի տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է, այս ուղղությամբ թշնամին առաջ չի եեկել՝ սահմաններն էլ, ինչպես գծվել են 90-ականներին, այդպես էլ մնացել են։

168.am-ի հետ զրույցում Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանն ասաց, որ Ճամբարակում իրավիճակը հանգիստ է։

«Մեզ մոտ սահմաններն ինչպես գծվել են 90-ականններին, այդպես էլ շարունակում են մնալ։ Մեր ուղղությամբ թշնամին առաջ չի եկել։ Մերոնք ինչ դիրքում կանգնած են եղել այն ժամանակ, հիմա էլ են կանգնած։ Փառք Աստծո, իրավիճակը նորմալ է, բնակիչներն իրենց բնականոն առօրյայով ապրում են, մենք կանգնած ենք, կանգնած էլ մնալու ենք»,- նշեց Վազգեն Ադամյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ թշնամին Վարդենիսի ուղղությամբ է առաջ եկել, սակայն դրանով առհասարակ իրենց դիրքերին չեն մոտեցել։

«Մեր դիրքերին թշնամին չի մոտեցել, Վարդենիսի հետ մենք լրիվ տարբեր ուղղություններով ենք։ Մեզ մոտ նման խնդիր չկա»,- եզրափակեց Վազգեն Ադամյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել