168.am-ը գրում է․

Հայաստանում մեկնարկած նախընտրական քարոզաշավին ուշի ուշով հետևում են նաև Ադրբեջանի իշխանությունները։ Նրանց ուշադրության կենտրոնում հատկապես ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն է և Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով, թերևս, «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում չկա, սակայն նրա տարբեր  հայտարարությունները Հայաստանի, մասնավորապես՝  Արցախի անվտանգության մասին, մտահոգում է Ադրբեջանի քաղաքական էլիտային։

168.amի հետ զրույցում արևելագետ Արտյոմ Տոնոյանն անդրադառնալով Ադրբեջանում հայաստանյան արտահերթ ընտրությունների և քաղաքական ուժերի, մասնավորապես՝ Երկրորդ և Երրորդ նախագահների վերաբերյալ քննարկումներին, նկատեց.

«Ադրբեջանում քննարկումները ծավալվում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շուրջ, նրանց համար հիմնականում երկուսն էլ անցանկալի են, երկուսի ընտրությունն էլ իրենց համար համարվում է անցանկալի»։

Ըստ մեր զրուցակցի, որքանով որ հետևում է Ադրբեջանում այս թեմայի առնչությամբ ծավալվող քննարկումներին, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության գալը նրանց համար անցանկալի է՝ պայմանավորված մի քանի գործոններով։

«Առաջինը՝ նրանց պատերազմի փորձառությունն է, այսինքն՝ դատելով նախկին երկու նախագահների հանդեպ Ադրբեջանում առկա նախկին վերաբերմունքից, այն շարունակվում է նաև այսօր։ Ադրբեջանում երկու նախագահներին մեղադրում են նաև տարատեսակ հանցագործությունների մեջ՝ կապված Խոջալուի և այլ դրվագների հետ։ Երկրորդը՝ քննարկումներ են ծավալվում, որ երկուսն էլ, այսպես կոչված, արտաքին քաղաքականության մասով շատ ավելի լավ հարաբերություններ են ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս հանգամանքը որոշակի վախ է առաջացնում նրանց մոտ։ Նրանք վախենում են, որ, օրինակ, եթե իշխանության գան նախկին նախագահները, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանը, ապա ոչ ուղղակիորեն ասում են, որ խաղաքարտերը բացվելու են։ Այս առումով նրանք ունեն ինչ-որ վախեր, որ կարող է որոշակի բաներ փոխվեն՝ կապված Արցախի հակամարտության հետ։ Հիմնականում այս երկու կետերն են, որոնց վրա անընդհատ շեշտադրում են անում։ Ադրբեջանում ՀՀ երկու նախագահներին էլ անվանում են ռևանշիստներ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է համացանցում ադրբեջանցի շարքային օգտատերերի քննարկումներին ու կարծիքներին, մասնավորապես՝ ՀՀ ներկայիս իշխանության և Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, Արտյոմ Տոնոյանը շեշտեց, որ համացանցում ադրբեջանցի օգտատերերի շրջանում շարունակվում են ընդհանրական մեկնաբանությունները ՀՀ գործող իշխանության և այդ իշխանությունը ներկայացնող առաջին դեմքի մասին։

«Այդուհանդերձ, նրանց մոտ, օրինակ, կա որոշակի տպավորություն, որ ՀՀ իշխանությունների վերընտրվելը բխում է իրենց ու իրենց երկրի շահերից, նման քննարկումներն ու գրառումները հաճախակի են պատահում»,- եզրափակեց Ա. Տոնոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել