Armeniasputnik.am-ը գրում է.

Արթիկ քաղաքում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ նշված քաղաքում խաթարվել է իրենց քարոզարշավը։ Կուսակցության ներկայացուցիչները մեքենայով շրջել են քաղաքում` իրականացնելով իրենց քարոզարշավը և բարձրախոսով քաղաքի բնակիչներին իրազեկել իրենց ծրագրային դրույթների, իրենց նպատակների ու քայլերի մասին։

«Երեկ մենք այցելել էինք Շիրակի մարզ։ Շրջեցինք Մարալիկին և Արթիկին հարող բնակավայրերում։ Արդեն ավարտում էինք քարոզարշավը և պետք է մեկնեինք Գյումրի, որտեղ նախատեսված էր մեր հաջորդ հանդիպումը, սակայն Արթիկում տեղի ունեցավ միջադեպ, որի արդյունքում դիմեցինք ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ»,– նշեց «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահը։

Председатель партии Айоц Айреник Анаит Егоян
Անահիտ Եղոյան

Եղոյանի խոսքով` կուսակցության ներկայացուցիչները, որոնցից երկուսը նաև պատգամավորի թեկնածուներ են, իրենց մեքենայով քարոզարշավ էին իրականացնում և բարձրախոսով հաղորդակցվում մարդկանց հետ` նրանց կոչ անելով քվեարկել «Հայոց հայրենիքի» օգտին։ Երբ մեքենան մտել է Անկախության փողոց, որտեղ տեղակայված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, շտաբի դիմացից երեք տղամարդ մոտեցել են իրենց մեքենային։ Վարորդը մի կերպ կարողացել է արգելակել։ Այնուհետև նրանք սեռական բնույթի հայհոյանքներ են ուղղել քարոզարշավ իրականացնողների հասցեին։

«Ասում էին, որ մենք իրավունք չունենք իրենց քաղաքում որևէ բան անել։ Երբ մեքենան կանգնեցրինք հարմար տեղ, սկսվեց քաշքշուկ ու կռիվ։ Իրավապահները մոտեցան, փողոցը փակվեց, մեր համակիրները նույնպես հասան մեզ օգնության, և նրանք ավելի շատ էին։ Այդ երեքն իսկույն փախան։ Մենք դիմեցինք ոստիկանության Արթիկի բաժանմունք, տվեցինք համապատասխան հայտարարություն, որի հիման վրա գործ կազմվեց։ Հայտարարվեց հետախուզում, և ընդամենը երկու–երեք ժամվա մեջ հիշյալ երեք անձինք բերման ենթարկվեցին»,– նշեց «Հայոց հայրենք» կուսակցության նախագահը։

Անահիտ Եղոյանը տեղեկացրեց նաև, որ միջադեպին առնչվող իրենց նկարահանած տեսանյութը նույնպես փոխանցել են իրավապահներին, և հույս հայտնեց, որ ոստիկանները կպարզեն, թե ովքեր էին այդ անձանց դրդել նման սադրանքի։ Ի դեպ, կուսակցության նախագահը նշեց, որ հունիսի 9–ին անհայտ անձինք փորձել էին «Հայոց հայրենիք» կուսակցության քարոզարշավը խոչընդոտել նաև Վանաձոր քաղաքում, սակայն միջադեպը շատ արագ հարթվել էր, և գործը ծեծկռտուքի չէր հասել։

Հիշեցնենք` Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել