Hraparak.am-ը գրում է.

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին հարցրինք, թե ինքը` որպես քաղաքական գործիչ, ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ նախընտրական քարոզարշավը վերածվել է հայհոյանքների հաղթարշավի, Նիկոլ Փաշինյանը «շինելուց» է խոսում, իսկ Սերժ Սարգսյանն էլ հիշեցնում է, որ նրան ասել են՝ «ողջույն, բոզի տղա»:

«Ես, անկեղծ ասած, հիմա Արարատի մարզում եմ և ծանրաբեռնված եմ քարոզչական աշխատանքների մեջ, հանդիպումների մեջ եմ և այդքան մանրամասն տեղյակ չեմ Ձեր ասած երևույթներից, որ կարողանամ գնահատական տալ»,- պատասխանեց Աղազարյանը։

- Ինչպե՞ս, չե՞ք լսել, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե բռնելու է, «սաղին շինի»։

- Չէ, չեմ լսել ես։

- Բայց նա դա ասել է, Դուք նման հայհոյանքների կողմնակի՞ց եք։

- Ես կողմնակից չեմ հայհոյանքին ինչպես քարոզչության ժամանակ, այնպես էլ առօրյա կյանքում։

- Բա ինչո՞ւ է Ձեր ղեկավարը հայհոյում։

- Ես ասում եմ՝ չեմ լսել։

- Բայց ինչպե՞ս է ստացվում, որ բոլորը լսել են, մի քանի օր է` համացանցում քննարկում են։

- Թե՛ Սերժ Սարգսյանը լինի, թե՛ Ռոբերտ Քոչարյանը կամ իմ թիմակիցներից որևէ մեկի մասին որ խնդրում եք, որ ես մեկնաբանություն տամ, քանի դեռ ես անձամբ չեմ լսել, ես չեմ կարող որևէ բան խոսել, որովհետև դա ճիշտ էլ չի լինի։ Ես Ձեր խոսքը կասկածի չեմ ենթարկում, կներեք, իհարկե, բայց, այդուհանդերձ, մինչև ինքս չլսեմ, ես մեկնաբանություն չեմ տալիս։

- Ձեր թիմակիցները որ ասում էին, թե 60 տոկոսից ավելի ձայներ են հավաքելու, դեռ ունե՞ք նման սպասելիքներ։

- Եթե 20 օր առաջ ես մտածում էի, որ 50-ի ու 60-ի արանքում կարող է լինենք, բայց հիմա ավելի հակված եմ մտածելու, որ 60-ը կանցնենք։

- Փաշինյանի հայհոյանքները չեք լսել, բայց հաստատ լսած կլինեք, որ իր որդուն առաջարկում էր Ալիևին՝ ռազմագերիների դիմաց, մինչդեռ մարդիկ ասում են, որ սա միջնադարը չէ, և Փաշինյանը խայտառակում է, ծաղրի առարկա է դարձնում հայ ժողովրդին։

- Ես դա լսել եմ, շատ դժվար է մեկնաբանելը, ես կարող եմ ուղղակի ասել, որ ես վստահ եմ, որ Փաշինյանը պատրաստ է նման զոհողության, թե դա ինչ իրավական գործընթացներ է ենթադրում, հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ՝ ես չեմ կարող ասել, բայց որ նա պատրաստ է այդպիսի զոհողության, կարող եմ հաստատել։

- Եթե ձեր քաղաքական ուժը չանցնի խորհրդարան, դուք ինչո՞վ եք զբաղվելու։

- Ես հիմա այդ մասին չեմ մտածում, որովհետև ես վստահ եմ, որ մեզ դա կհաջողվի։ Կերևա, այդ ժամանակ կորոշենք։

- Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կարող է իրեն անադեկվատ մարդու նման պահել։ Ձեր համատեղ աշխատանքի ժամանակ եղե՞լ է, որ նա այդպես անադեկվատ իրեն պահի։

- Չէ, ես կարող եմ ասել, որ երբեմն-երբեմն պարոն վարչապետի խոսքի մեջ էմոցիոնալ նյութը ավելի գերակշիռ է դառնում, բայց անադեկվատ իրեն չի պահել, որովհետև ինքը, ինչքան ժամանակ ես շփվում եմ իր հետ․․․, շատ երկար չեմ շփվել, իհարկե, 2018 թվականից, բայց, այնուհանդերձ, ինչքան շփվել եմ, երբեք չեմ մտածել, որ ինքը այս կամ այն նախադասությունը ասում է հենց այնպես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել