168.am-ը գրում է.

Թշնամին կրակոցներ է արձակել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ Կութ գյուղի ուղղությամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սոթք գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ թշնամին մոտ 15 րոպե շարունակ կրակել է գյուղի ուղղությամբ։

«Քիչ առաջ մի երեք անգամ էլ կրակեցին, բայց հիմա ձեն-ձուն չկա»,- ասաց մեր զրուցակիցը։

168.am-ի հետ զրույցում Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանն ասաց, որ այս պահին տանն է, կրակոցների մասին իրեն դեռ որևէ մեկը չի տեղեկացրել։

«Ես այս պահին տանն եմ, մեր տանից կրակոցների ձայներ չեն լսվել, գուցե սարի հետևում են եղել այդ կրակոցները, ամեն դեպքում մենք չենք լսել։ Հիմա կփորձեմ հասկանալ՝ ինչ է կատարվել։ Ամեն դեպքում գյուղում իրավիճակն այս պահին հանգիստ է»,- ասաց Սիմա Չիտչյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 6-ին Կութ գյուղի հովվի մոտից թշնամին գողացել էր գյուղի բնակիչներին պատկանող մոտ 80 կով, նա նաև կրակել էր հովիի ձիուն, որի արդյունքում հովիվը ձիուց ընկել էր։ Մինչև այժմ թշնամին դեռ կովերին չի վերադարձրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել