Armenpress.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Մայր Աթոռի և Ղազախստանի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգոծակցություն։ Նորին Սրբությունը առանձնացրել է միջկրոնական երկխոսության ոլորտում գործակցությունը՝ վերհիշելով Հայոց Եկեղեցու մասնակցությունը Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի աշխատանքներում և համագումարի շրջանակներում իր այցը Ղազախստան։

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է հետպատերազմյան դժվարին իրավիճակին՝ հույս հայտնելով, որ բարեկամ Ղազախստանն իբրև ՀԱՊԿ-ի անդամ երկիր իր նպաստը կբերի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։

Նորին Սրբությունը դեսպան Իմանբաևի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների մտոհոգիչ փաստին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արցախյան տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության հանդեպ վայրագ վերաբերմունքին։

Իր հերթին Ղազախստանի նորանշանակ դեսպանը Հայոց Հովվապետին փոխանցել է երկրի նախագահի և ղեկավարության բարեմաղթանքները։ Դեսպանը ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ կեցության գործում կարևոր է նկատել նաև միջկրոնական երկխոսությունը։ Այս առումով դեսպան Իմանբաևն իր երախտագիտությունն է հայտնել Նորին Սրբությանը Ղազախստանի Հանրապետության նախաձեռնությամբ կազմակերպվող Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի կազմակերպչական աշխատանքներին և անցկացմանը Հայոց Եկեղեցու կարևոր մասնակցության համար։

Խոսելով երկրների միջև առավել զարգացող և ամրապնդվող քաղաքական և տնտեսական համագործակցության մասին՝ Ղազախստանի դեսպանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է շարունակել ձևավորված բարեկամության ավանդույթները։ Պրն․ Իմանբաևը հավաստիացրել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ պիտի շարունակի ջանքեր ներդնել Մայր Աթոռի և Ղազախստանի միջև գործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել