Armenpress.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 25-րդ համար Բաբկեն Թունյանը:

«Բացի այդ, նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսի: Նախատեսում ենք, որպեսզի թոշակը հասնի այնպիսի մակարդակի, որ մարդը կարողանա ապրել, ոչ թե այնքան լինի, որ սպառողական զամբյուղից անգամ հացի փողին չբավարարի»,- ասաց Թունյանը:

Ըստ Թունյանի` գործող իշխանությունը նաև հասկանում է, թե ներկա պահին ինչ հնարավորություններ ունի:

«Մարդիկ ասում են, թե գալու են բոլորի վարկերը մարելու են ու հույս ունեն, որ մարդկանց մեծամասնությունը իրենց կհավատա: Ով այդպիսի բան է ասում, հավատացեք, որ ձեզ ուղղակի խաբում են, որովհետև վարկերը ներել, թոշակները բարձրացնել, բայց հարկերը չավելացնել, այդպիսի բաներ չի լինում, մենակ հեքիաթներում է լինում»,- ընդգծեց Թունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել