Pastinfo.am-ը գրում է.

Մենք մեզ այլևս չենք կարող թույլ տալ մշտապես լինել բաժան-բաժան, իրար ատող, իրար դեմ պայքարող:

Քարոզչության երրորդ օրն է և գործող իշխանության թեկնածուից, նախկին նախագահներից լսում ենք, թե ինչպես են միմյանց անվանարկում: Ես այդտեղ չեմ տեսնում Հայաստանի ապագայի մասին քննարկում: Հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը.

«Մենք ստիպված ենք եղել հետպատերազմյա ծանր շրջանում անցկացնել ընտրություններ, որպեսզի Հայաստանում ներքաղաքական համերաշխությունը վերականգնենք, կարողնանք միասին ոտքի կանգնել, վերականգնել մեր բանակը և տնտեսությունը: Սակայն ի՞նչ ենք մենք տեսնում, մարդիկ ոչ մի ռեսուրս չեն խնայում իրար ոչնչացնելու համար, մենք առաջարկում ենք լիազորել մեզ և մենք այս անհաշտ կողմերին կպարտադրենք ներքաղաքական համերաշխություն: Սա ենթադրում է, որ պետք է բոլորի ռեսուրսը կենտրոնացնել երկիրը շենացնելու գործի, այլ ոչ՝ իրար ոչնչացնելու վրա:

Թշամին մտել է մեր սուվերեն տարածք, նրան պետք է բանակցություններում հանեինք, բայց ոչ ԱԳՆ ունենք, ոչ էլ բանակցող: Այս իրավիճակում մարդիկ խոսում են քյաբաբներից, իրար ոտնատակ տալուց»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:
Մարուքյանի խոսքով՝ ընտրություններին մասնակցում են Հայաստանի բոլոր ղեկավարները, ինչն ավելի է հեշտացնում ընտրություն կատարելը.

«27 տարվա կառավարումից եթե մեր ժողովուրդը գոհ լիներ, հեղափոխություն չէր անի, հեղափոխությունով մերժել է այս համակարգը, հեղափոխության արդյունքում իշխանության եկան մարդիկ, որոնք կոմպետենտ չեն եղել, սկզբունքային չեն, այս մարդկանց կառավարման արդյունքում ունեցանք այսօրվա արհավիրքները: 27 տարվա իշխանության փորձել եք, 3 տարվա իշխանությանը փորձել եք, հիմա դուք ունեք հնարավորություն այս անգամ շանս տալ ԼՀԿ-ին»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել