Շուտով կմեկնարկի Հայաստանում առաջին ռեալիթի շոուն՝ «Social Star»-ը, որի հաղթողը կկնքի պայմանագիր «Social Star»-ի թիմի հետ և կստանա մրցանակ՝ ուղևորություն դեպի Եգիպտոս:
Քանի որ մեր օրերում կյանքը տեղափոխվել է համացանց, ակտուալ է դարձել համացանցի միջոցով գումար վաստակելը, սակայն իրականում դա այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է:
«Social Star»-ի շրջանակներում մասնակիցներին սպասվում են նաև մասնագիտացված դասընթացներ՝ պարեր, դեֆիլիե, լուսանկարահանման դասընթաց և այլն:

BlogNews.am կայքի հետ զրույցում նախագծում որպես ժյուրի հանդիսացող Մագա Հարությունյանը պատմում է, թե ինքն ինչպես է հասել հաջողության և ինչպիսի դժվարությունների պետք է պատրաստ լինեն մասնակիցները, եթե ընտրել են Social star դառնալու ճանապարհը:

Տիկտոկեր Մագա Հարությունյանը մինչև  Տիկ-տոկ հավելվածում գրանցվելը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, ինչի շնորհիվ էլ ավելի արագ մեծ հաջողությունների հասավ Տիկ-տոկում: Նախկինում Մագան իր էջում, հիմնականում, հումորային տեսանյութեր էր տեղադրում, ուներ շուրջ 90.000 հետևորդ, հիմա նա փոխել է էջի կոնտենտը, հետևորդների թիվն էլ ավելացել է՝ դառնալով ավելի քան 271.000:

Պատմելով «Social Star» նախագծի մասին՝ Մագան ասում է.«Ես Լևոն Դադասյանի և Նորայր Բարոյանի կողմից ստացա առաջրկը և մեծ սիրով համաձայնվեցի, չնայած որ սկզբից մտածում էի՝ գուցե չարժե մասնակցել, որովհետև շատ պատասխանատու է ու ժամանակատար, բայց ուրախ եմ, որ ամեն բան ստացվեց:
Քանի որ այն իր տեսակի մեջ նոր նախագիծ է, ինձ ինստագրամյան էջով շատ են գրում, բայց զգում եմ, որ մի քիչ վախ կա շատերի մեջ, սպասում են, որպեսզի մի քանիսը մասնակցեն, իսկ հետո նոր իրենք: Բայց ես վստահեցնում եմ բոլորին, որ հանգիստ կարող են գրանցվել: 
Բոլորից պետք է ընտրվի երեք հոգի, որոնցից մեկն է ճանաչվում հաղթող և ուղևորվում է Եգիպտոս»:

Մագան նշում է, որ առաջին եթերաշրջանում կարող են մասնակցել միայն աղջիկները, սակայն երկրորդում գուցե վերանայվեն պահանջներն ու մրցույթին մասնկացելու հնարավորություն ստանան նաև տղաները:

Խոսելով իր անցած ճանապարհի մասին՝ Մագան պատմում է, որ սոցիալական մեդիայում ինքը հաջողել է ձգտման և ինքն իրեն բրենդինգ անելու շնորհիվ:

«Փոքր տարիքից սկսել եմ աշխատել հեռուստատեսային տարբեր նախագծերում, նույնիսկ 18-ամյակս նշել եմ նկարահանման հրապարակում: 
Բայց համացանցում իմ ակտիվությունը սկսվեց այն բանից հետո, երբ Նաիրա Զոհրաբյանի նմանակումս պայթեցրեց սոցիալական ցանցերը: Դա գուցե նրանից էր,որ Նաիրա Զոհրաբյանն այդ նմանակմանը դրական արձագանքեց և իր հարցազրույցում ասաց, որ շատ է հավանել: 
Այդ ընթացքում Ֆրանսիայում ապրող մորեղբայրս, ով Տիկ-տոկում բավականին մեծ լսարան ունի, ինձ համոզեց, որպեսզի գրանցվեմ այդ սոցիալական ցանցում ու սկսեմ ակտիվ գործունեություն ծավալել»,-հիշում է Մագան: 

Մագան հիշում է, որ սկզբնական շրջանում հետևորդների կողմից բացասական կարծիքներ չէին հնչում: Նա նշում է, որ  «Social Star»-ի շրջանակներում ինքն աղջիկներին սովորեցնելու է ճիշտ արձագանքել քննադատություններին, մեղադրանքներին, բացասական խոսքերին:

«Նախագծի ընթացքում ես սովորեցնելու եմ՝ չսրտնեղել վատ մեկնաբանություններից: Ես մեկ առ մեկ ցույց եմ տալու այն հետևորդներին, ովքեր վատ մեկնաբանություններ են գրելու: Նրանք պետք է հասկանան, որ ադեկվատ մարդը չի կարող նման մեկնաբանություն գրել: Իսկ առողջ քննադատությունը միշտ ընդունելի է»,-ասում է նա ու մտաբերում, թե ինքը երբ բախվեց հետևորդների բացասական արձագանքներին.«Սկզբնական շրջանում, առհասարակ, քննադատություններ չեն հնչել, բացարձակ վատ մեկնաբանություններ չկային:
Քիթս վիրահատելուց հետո սկսվեցին քննադատությունները. ասացին, որ դարձել եմ շարքային, սարքած դեմքերից: Ես համաձայն չեմ, ու ընդհանրապես չեմ զղջում վիրահատության դիմելու համար:
Նույնիսկ երբ շուրթերս դիմահարդարմամբ ընգծում էի, կրկին քննադատում էին: 
Համոզված եմ, որ դա ասում են այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունենալու դեպքում հաստատ կդիմեին վիրահատության:

Ինձ ծիծաղեցնում է, երբ մեկնաբանություններում գրում են՝ առաջ ավելի լավն էիր: Առաջ տգեղ չէի, բայց ծիծաղելի էի, կապիկություն էի անում,նմանակում էի «Կիսաբաց լուսամունտներ»-ի կերպարներին, իսկ հիմա ավելի խորը կամ թրենդային են իմ հրապարակումները»:

Մագան հիշում, թե ինչպիսի տհաճ միջադեպեր են եղել ցենզուրայից դուրս մեկնաբանությունների հետևանքով. եղել են դեպքեր, երբ իրեն այնքան է նեղացրել մեկնաբանութունը, որ ինքն անձամբ է որոշել հանդիպել տվյալ հետևորդի հետ:

 «Իմ մեջ տպավորվում են բոլոր քննադատությունները: Բայց միևնույն է, ուշադրություն չեմ դարձնում ոչ ադեկվատ մարդկանց, իսկ անձնական վրավորանք գրող մարդը, չի կարող ադեկվատ լինել:

Լինում են դեպքեր, երբ մեկնաբանություններում վիավորում են նաև ընտանիքիս անդամներին: Ես կարող եմ վայրկյանների ընթացքում գտնել այդ վիրավորողներին: Տիկ-տոկն իմ տունը չի, բայց ես այնտեղ գիտեմ ամեն սենյակ:

Եղել է դեպք, երբ ինձ շատ է նեղացրել մեկնաբանությունը: Մի երիտասարդ տղա իմ ու մայրիկիս հրապարկման մեկնաբանություններում վատ բան էր գրել, ընդամենը ժամեր անց այդ գրողին գտան: Իրեն, իհարկե, մատով ոչ ոք չկպավ, բայց ինձ հետ խոսելուց հետո ինքը ներողություն խնդրեց ու խոստացավ, որ նման բան այլևս չի կրկնվի»:

Մագայի ընտանիքի անդամները երբեմն նույնպես կարդում են մեկնաբանությունները: Տիկտոկերը հիշում է, ինչպես է մայրիկն իրեն պաշտպանել մեկնաբանություններում:
«Երբ մի անգամ հետևորդներիցս մեկը քննդատաեց ինձ՝ ասելով, որ երեխաների համար չէ իմ հրապարակումը, մայրիկս կիրթ ձևով հասկացրեց նրան, որ հրապարակումն ունի հատուկ տարիքային սահմանափակում և ես մեղք ընդհանարեպս չունեմ, որ նրա մանկահասակ երեխան այն դիտել է:

Իմ ընտանիքի անդամներն ադեկվատ են, ու եթե տեսնում են, որ իմ արարքի մեջ ոչ մի վատ բան չկա, նրանք երբեք ինձ չեն քննադատում»,- պատմում է տիկտոկերը:

 

Մագան նշում է, որ սոցիալական ցանցերում հաջողության հասնլու համար նաև հարկավոր է դիմել այնպիսի քայլերի, որոնք կքննարկվեն: Օրինակ՝ ոճափոխության: Բայց իհարկե, ամեն բան պետք է անել ցենզուրայի ու չափի մեջ:
Մագան հիշում է, թե ինչպես որեշեց փոխել վարսերի երանգը, ինչի շնորհիվ սկսեց ակտիվ քննարկվել օգտատերերի ու լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև Երևանում թրենդ դարձրեց այդ սանրվածքը:

«Վարսերս ներկելու մասին վաղուց էի մտածում, ու այդ ոճափոխությանը դիմեցի Տիկ-տոկի թրենդի շրջանակներում: Նկատել եմ, որ իմ ոճափոխությունից հետո այս սանրվածքով աղջիկները բավականին շատացել են:

Առաջի անգամ, երբ տուն մտա կապույտ վարսերով, մայրիկս ասաց՝ կարծես թութակ լինես, գնա, փոխիր այդ գժի գլուխը:
Իսկ եղբայրս ոչինիչ ասաց. ես ինչ էլ անեմ, իր համար ճիշտ եմ: Նա ինձնով հպարտանում է ու երբեք չի քննադատում»,-կիսվում է գեղեցկուհին:

Մագան նաև առաջինը մեզ հետ զրույցում է հայտնում, որ շուտով հանդես է գալու Գրիգի համացանցային նախագծում, որտեղ կատարելու է նրա ընկերուհու կերպարը:
Տիկտոկերը նաև նկարահանվելու է գեղարվեստական ֆիլմում, սակայն այդ ամենի մասին նա կպատմի ավելի ուշ:

 Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել