Ջեֆ Բեզոսը և նրա եղբայրը Blue Origin ընկերության տիեզերանավով Տիեզերք կուղևորվեն։ Դա տեղի կունենա Բեզոսի՝ Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնից ազատումից հետո երկու շաբաթ անց, հայտնում է Financial Times-ը։

Amazon-ի հիմնադիրը հայտնել է, որ դառնալու է New Shepard տիեզերանավի ուղևորը։ Տիեզերանավը նախատեսում են գործարկել հուլիսի 20-ին։ Արշավախմբում Բեզոսի հետ միասին կլինի նաև նրա եղբայրը՝ Մարկը, ինչպես նաև դեռևս անհայտ մեկը, ով կհաղթի տիեզերանավի տոմսի համար կազմակերպվող աճուրդում։

Եթե գործարկումը կայանա, ապա Blue Origin ընկերությունը ֆինանսավորող Բեզոսը Տիեզերքում կհայտնվի միլիարդատերներ Իլոն Մասկից և Ռիչարդ Բրենսոնից ավելի վաղ։ Վերջիններս հրթիռաշինական ձեռնարկություններ ունեն։

«Հինգ տարեկանից սկսած երազել եմ Տիեզերք մեկնել։ Հուլիսի 20-ին իմ եղբոր հետ կգնամ այդ ուղևորությանը և մեծ արկածների կհանդիպեմ», - իր ինստագրամյան էջում գրել է Բեզոսը։

Մարկ Բեզոսը նշել է, որ ցնցված է անսպաելի հրավերից, որն իրականում «հրաշալի հնարավորություն է»։

Ինչպես հայտնում է Blue Origin-ը՝ շուրջ 6000 մարդ մինչև 2.8 մլն դոլար գին է առաջարկել New Shepard-ում ուղևորի երրորդ տեղի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել