Armenpress.am-ը գրում է․
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018թ. հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր, որի կապակցությամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կազմակերպել է խորհրդաժողով։
«Միջոցառումն ուներ մասնակիցների ընդգրկուն կազմ: Մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության առևտրային պալատի, երկրի բարձրագույն կրթական, գիտական և լաբորատոր ոլորտների, հասարակական կազմակերպությունների, և, իհարկե, ՍԱՏՄ և ՌԶԳ ՀԿ ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը սննդամթերքի անվտանգությունը համարում է առաջնահերթություն, երկրի ամենահրատապ ու ժամանակակից լուծումներ պահանջող խնդիրներից մեկը, և մտադիր է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել պարենային ապահովության, վերահսկող կառույցների ամրապնդման, մասնագետների հմտությունների զարգացման, սննդի շղթայի ռիսկերը գնահատելու համար ինստիտուցիոնալ կառույցների հզորությունների ավելացման ուղղությամբ:
Խորհրդաժողովի մասնակից-մասնագետները ներկայացրել են սննդամթերքի անվտանգությունը կրթական ծրագրերում, իրենց կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերն ու հեռանկարները, սննդամթերքի անվտանգության հիմնախնդիրները, նոր առաջացող ռիսկերը, դրանց դեմ պայքարելու հնարավոր ուղղություններն ու աշխատանքների համակարգված իրականացումը թե տեղական, թե միջազգային մակարդակներում:
Յուրաքանչյուր տարի աշխարհում ամեն 10 մարդուց մեկը (600 մլն բնակչի հաշվով) հիվանդանում, իսկ 420,000 մարդ մահանում է միկրոբներով, վիրուսներով, մակաբույծներով և քիմիական նյութերով աղտոտված սննդամթերք օգտագործելուց հետո։ Վտանգավոր սննդամթերքը նաև խոչընդոտում է ցածր և միջին եկամուտ ունեցող տնտեսությունների զարգացմանը։