Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանական կողմում տեխնիկան շարունակում է աշխատել, նրանք ինչպես եկել ու դիրքավորվել են, նույն տեղում էլ մնացել են, պարբերաբար լսվում է տրակտորի ձայնը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Նա ևս մեկ անգամ հերքեց ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են իրականացնում սեփական տարածքում։

«Իմ ծննդյան օրից ու դրանից առաջ էլ այդ տարածքները եղել են Հայաստանի կազմում»,–ընդգծեց Երանոսյանը։

Նրա խոսքով` իրենք ոչինչ չգիտեն` ադրբեջանցիների հետ բանակցություններ ընթանում են, թե ոչ, միայն ակնառու տեսնում են, թե ինչ է կատարվում շփման գծում և որ այնտեղ արդեն կանգնած են նաև հայ զինվորականները։

Անդրադառնալով գյուղացիների առօրյային` համայնքապետը նշեց, որ հովիվներն անասուններին անարգել տանում են արոտավայրեր, որոնք գտնվում են իրենց տարածքում և պատկանում են Վարդենիսի համայնքին։ Բնակիչները թեև անհանգստացած են, սակայն ամենևին արտագաղթելու տրամադրություն և ցանկություն չունեն։

«Երեկոյան 40 տոննա պարարտանյութ եմ բերել, որպեսզի գարնանացանն ու այլ գյուղատնտեսական աշխատանքներն անխափան իրականացվեն։ Սպասում ենք մի քանի օր, որպեսզի եղանակը խոնավանա և սիլիտրան օգտագործենք։ Հանդակները դիրքերին շատ մոտ են, բայց այդ հանգամանքն ամենևին մեզ չի կանգնեցնում։ Այնքան ենք աշխատում, որ թշնամին տեսնի` մտածելու կամ վախենալու բան չունենք»,– ասաց Վերին Շորժայի համայնքապետը։

Երանոսյանի կարծիքով` յուրաքանչյուր համայնք նախևառաջ ինքն է իր հողի տերը և ինքը` որպես համայնքապետ, գիտի, թե ինչ պետք է առաջնահերթ անի գյուղի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել