News.am-ը գրում է.

Եկել եք ձեզնից ստանանք թավշյա մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը, եւ պողպատե մանդատով ուղղենք մեր երկրի ողնաշարը: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին եւ տեղի ունեցած պատերազմին՝ նշելով 1996-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովը, որտեղ նախագիծ դրվեց շրջանառության մեջ, որտեղ նշվում է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. «Հայաստանը օգտագործում է վետոյի իր իրավունքը եւ փաստաթուղթը չի ընդունվում: Այդ նախագիծը դառնում է ԵԱՀԿ ղեկավարի հայտարարություն: Սակայն Ղարաբաղը շարունակում է բանակցություններին մասնակցել որպես ինքնուրույն լիիրավ կողմ: 1997-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է ՀՀ վարչապետ: 1998-ին դառնում է նախագահ եւ առաջին բանը, որ տեղի է ունենում, այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից:

Սա նշանակում է, որ արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի ամբողջ քաղաքական արդյունքը ոչնչացվում է: Սա մեծագույն ականն է դրված Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի տակ: Տարածքները դեռ մեր տիրապետության ներքո են, բայց դրա դիվանագիտական, միջազգային քաղաքական կոմպոնենտը մսխված է: ԼՂ հարցի կարգավորման շուրջ վերջին եռակողմ հանդիպումը՝ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան, տեղի է ունեցել  1997-ի ապրիլին Մոսկվայում: Փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրն իր մայրաքաղաքում ընդունում է պատվիրակություն, որի կազմում է ԼՂ ներկայացուցիչը: Սա, ըստ էության, Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորության անկյունաքարն է: Քոչարյանի ընտրվելուց հետո ոչ մի այդպիսի հանդիպում չի լինում»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2009-ի հոկտեմբերին Ստեփանակերտ այցելության ժամանակ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է. «Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ»:

«Այո, կայացվել է որոշում, որով պատերազմի արդյունքները ոչնչացվել են: Ինքը՝ Քոչարյանը 2004-ի ապրիլի 3-ին «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողներին պատասխանելիս անդրադարձել է այդ խնդրին եւ ասել. «Տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձեւի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ Ղարաբաղի ղեկավարությունը: Հարց է առաջանում՝ միթե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի կախվածության պայմաններում ճնշում գործադրել եւ ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը եւ փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումը եւ մոտեցումները մշակելու համար: Այսինքն ոչ թե մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձեւին, որին կհամաձայնի Ղարաբաղը, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում եւ պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»: Մարդը, բառացի ասում է, ես այդպես որոշեցի եւ պետք չի, որ Ղարաբաղը բանակցային սեղանին մասնակցի»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ դրանից հետո արդեն 1999-ին ի հայտ է գալիս փաստաթուղթ՝ Մեղրիի տարբերակը, որը ունի հետեւյալ տրամաբանությունը՝ Մեղրին տանք, Ղարաբաղը վերցնենք:

Փաշինյանը ընթերցեց այդ փաստաթղթից երկու հատված. «Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, Շուշիի շրջանը, Լաչինի շրջանը (1988-ի եղած սահմաններում) փոխանցվում են ՀՀ-ին: Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988-ի եղած սահմաններում) փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը:

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանն սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրս բերումը Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից՝ ներառյալ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շրջանները: Զինուժի դուրսբերումը պետք է ավաևրտվի 60 օրվա ընթացքում:

Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայումս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք: Դա պետք է ավարտվի 60 օրվա ընթացքում»:

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ եւ ասում, որ այսպիսի բան կա, եւ կարելիէ  ենթադրել, որ փորձում է համոզել: Դրանից հետո Վազգեն Սարգսյանը գնում է Մեղրի եւ հայտարարություններ է անում, որ Մեղրին սոսկ հայրենիքի մի կտոր չի, Մեղրին աշխարհը մեր դուռը բերող է, եւ Մեղրին պայթելու է Երեւանի կենտրոնում: Այսինքն, ըստ էության, սպառնում է, որ Մեղրիի թեման Երեւանի կենտրոնում պայթելու է: Եվ Մեղրին պայթում է Երեւանի կենտրոնում մի փոքր այլ տըրամաբանությամբ: 1999-ի հոկտեմբերի 27-ին նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանը մտնում է ԱԺ եւ գնդակահարում է Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին եւ մյուսներին: Իհարկե, հիմնական թիրաը նրանք են:

Դրանից հետո նոյեմբերի 30-ին Ստամբուլում տեղի է ունենում ԵԱՀԿ հաջորդ գագաթաժողովը, որտեղ քննարկվում է Եվրոպայում անվտանգության խարտիան, որտեղ Հայաստանը կողմ է քվեարկում մի փաստաթղթի, որտեղ գրված է. «Մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլեւ ընդհակառակը, պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաեւ վերանշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնմիկ, լեզվական եւ կրոնական իքնության պաշտպանության եւ խթանման միջոցներ են գոյություն ունեցող պետության ներսում»:

Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության երկու տարում Ադրբեջանի բոլոր ակնկալիքները բավարարել է:

«2007-ին շրջանառության մեջ են դրվում Մադրիդյան սկզբունքները, որոնց արդյունքում ստեղծվում է մի փաստաթուղթ, որն սկսվում է հետեւյալ կերպ. «ԼՂ խնդրի կարգավորման նապատակը 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանին եւ  ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը: Եվ կա կետ, որ մինչեւ վերջնական որոշումը ԼՂ-ն պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ:

2011-ին Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել Կազանի փաստաթուղթը, որից հետո լարվածությունը շփման գծում եւ սահմանին սկսում է մեծանալ: 2016-ի հունվարին համանախագահները Հայաստանին ներկայացնում են առաջարկ, իրականում պահանջ, որ Հայաստանը հրաժարվի ԼՂ միջանկյալ կարգավիճակից: Սա նշանակում է, որ վերջնականորեն հրաժարվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու որեւէ հեռանկարից: Հայաստանը, բնականաբար հրաժարվում է, որից 3 ամիս հետո, ապրիլին տեղի է ունենում քառօրյա պատերազմը: Պատերազմից հետո 2016-ին նոր փաստաթուղթ է հայտնվում սեղանին, որտեղ միջանկյալ կարգավիճակը չի հիշատակվում: 2016-ից մինչեւ 2018 թվականը հայկական կողմը մեծ ջանքեր է գործադրում, որ «միջանկյալ կարգավիճակ» բառակապակցությունը վերադարձնի բանակցային փաստաթղթերի մեջ: Սրա համար արվում են որոշակի զիջումներ: Զիջումը հետեւյալն է. եթե նախկինում Լաչինի ու Քելբաջարի վերադարձը կապվում էր ԼՂ վերջնական կարգավիճակի հետ, հիմա առաջարկ է արվում, որ Հայաստանը այդ երկու շրջանը հանձնում է, բայց Ադրբեջանը չի գալիս, դրանք մնում են ԵԱՀԿ վերահսկողության ներքո: Դրա դիմաց «միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը վերադառնում է, բայց Ադրբեջանն ասում է՝ ես հրաժարվում եմ որեւէ կարգավիճակ քննարկելուց: Արդյունքում ստացվում է 7 շրջանների անվերապահ վերադարձ՝ առանց կարգավիճակի հեռանկարի:

Այս վիճակում ենք մենք ժառանգել Ղարաբաղի հարցը եւ դրա համար եմ ես ասել՝ բանակցությունները պետք է սկսել նոր կետից: Որովհետեւ եղածով բանակցությունները մտել են փակուղի: Մենք կամ պետք է համաձայնվեինք Ադրբեջանի պահանջներին, կամ պետք է պատերազմի լիներ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել