168.am-ը գրում է․

«Կարագի շուկայում 2 ամիս հետո տեղի է ունենալու գների բարձրացում»,- այս մասին հունիսի 2-ին ԱԺ-ում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Դրանք պարզապես կանխատեսումներ չեն: Նրա խոսքով՝ Նոր Զելանդիայում կարագի ձեռքբերման գինը 4000-ից դարձել է մոտ 6000 դոլար: Սակայն, համաձայն կանխատեսումների՝ նոյեմբերին իջնելու են այդ գները:

Նշենք, որ նորզելանդական կարագի գները հայաստանյան խոշոր սուպերմարկետներում այս պահին տատանվում են 4990-5260 դրամի սահմաններում:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ թանկացումից խուսափել հնարավոր չի լինի, որովհետև Հայաստանը ներկրող երկիր է ու, եթե դրսում կարագի գինը բարձրացել է, մեխանիկորեն մեզ մոտ ևս բարձրանալու է:

«Կարագ միշտ էլ ներկրվել է Հայաստան, որովհետև մենք այդքան եղջերավոր անասուն չունենք, որ կաթ արտադրի, ու կարագ ստանանք: Հնարավոր չէ 100 տոկոսով ապահովել, որ մեզ նման փոքր երկիրն ամեն ինչով ինքնաբավ լինի: Հայաստանում համեմատաբար քիչ են վարելահողերն ու արոտավայրերը: Դրա համար կարևոր է պետության դերը. պետք է սուբսիդավորել, ոգևորել գյուղացուն»,- ասաց Կարեն Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ներկրվող ապրանքի դեպքում այսպես է լինելու՝ գներն իջելու  և բարձրանալու են:

«Ձեթի դեպքում էլ այդպես եղավ: Մեզ մոտ չէինք կարող այդքան ձեթ արտադրել, ու երբ ՌԴ-ում թանկացավ, Հայաստանում  ևս ավտոմատ թանկացավ: Ուզենք թե չուզենք, ցավոք, իրավիճակն այդպես է: Այլ հարց է, որ մեզ մոտ գոնե տնտեսությունը զարգանա, մարդկանց եկամուտն այնքան բարձր լինի, որ թանկացումներից չտուժեն, ոչ թե ընկնենք մտածենք, թե ոնց անենք, որ ապրանքն էժան լինի: Պետք է մտածել եկամտի բարձրացման մասին»,- հավելեց Կարեն Չիլինգարյանը:

Խոսելով հաճախ կարագի անվան տակ վաճառվող սպրեդի մասին՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը նշեց.

«Նախկինում նման խնդիրներ շատ էին առաջանում և հաճախակի էին սպառողներին մոլորության մեջ գցում, բայց հիմա պարտադիր պայման կա, որ սպրեդը կարագից առանձին պետք է դրվի ու լինի մակնշում: Հնարավոր է՝  խաբեություններ լինեն, բայց ես դեռ չեմ հանդիպել, բողոք էլ դեռևս չի եղել»:

Հավելենք, որ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ գրանցվել է 11.5% գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.3% գնանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել