Hraparak.am-ը գրում է.

Մայիսին երեք աղմկահարուց սպանություն տեղի ունեցավ երկրում։ Դրանք ինչ-որ ձեւով կապված էին քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի հետ․ նախ սպանվեց նրա 29-ամյա թիկնապահը, ապա՝ օրեր առաջ, եղբայրը (Արմեն Ասատրյանը՝ «Լալա» մականունով), երեկ էլ՝ նրա նախկին ընկեր Ռաֆայել Մարդոյանի վարորդը։ Ակնհայտ է, որ թիրախը հենց հանցավոր աշխարհում հայտնի Մարդոյանն է եղել։ Դրանից առաջ էլ պակաս աղմկոտ դեպքեր չեղան, օրինակ՝ երթուղային տրանսպորտում դիմակ չկրելու համար քաղաքացիներից մեկը մյուսին դանակահարելով սպանել էր եւ այլն։ 

Երկրի սահմաններին իրավիճակը լարված է, ներսում քաոս է տիրում, բանակը կազմալուծված է։ Ոստիկանությունն էլ հիմնականում զբաղված է վարչապետի անձի պաշտպանությամբ եւ ընդամենը արձանագրում է, որ սպանություններ են տեղի ունենում։ Ընդ որում՝ անգամ Երեւանի կենտրոնում օրը ցերեկով կատարված սպանությունը չեն կարողանում արագ բացահայտել։ Ի՞նչ է կատարվում ոստիկանությունում։

Ոստիկանության մեր աղբյուրը, որը, բնականաբար, նախընտրում է չբացահայտվել, քանի որ ծառայության մեջ է, պատմում է, որ համակարգի ներսում բարձիթողի վիճակ է՝ ոստիկանության ղեկավար կազմի փոխվելուց հետո համակարգն իր բուն գործառույթները չի իրականացնում՝ ո՛չ բացահայտումներ են տեղի ունենում, ո՛չ աշխատելու ցանկություն կա․ «Քրեական ոստիկանության երկու վարչություններում բարոյահոգեբանական վիճակը շատ վատ է, նոր ղեկավարության հետ ոչ մեկը չի ուզում աշխատել։ Երեկ առավոտյան մի ամբողջ բաժնի աշխատակիցներ դրել են իրենց վկայականները ղեկավարի սեղանին եւ ասել՝ հրաժարվում ենք աշխատել։ Խոսքը գույքային հանցագործությունների դեմ պայքարի բաժնի մասին է, որը երկու ամիս է՝ պետ չունի։ Կանչել, հետները խոսել են, որ ընտրությունների շեմին սենց բան մի արեք, համոզել են, որ գործի գան, բայց իրավիճակը չի հարթվել։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն ամենամեծ եւ հիմնական վարչությունն է համարվում՝ ոստիկանության կորիզը, անիմաստ հանձնարարություններով եւ քաղաքական զակազներով ծանրաբեռնում են վարչությանը, եւ հետո՝ աշխատակիցները նեղվում են անփորձ ու երիտասարդ ղեկավարների հրամանները կատարելուց։ Նոր ղեկավարության ժամանակ այս կառույցը ոչ մի լուրջ բացահայտում չի կատարել։ Այդ վարչության մեջ է մտնում անձի դեմ ուղղված հանցագործությունների վարչությունը, դրա համար էլ բոլոր աղմկահարույց սպանությունները մնում են չբացահայտված։ Նաեւ՝ գույքային հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը․ գողությունները երկրում շատացել են, սակայն դրանք մնում են չբացահայտված, եւ հենց այս բաժնի աշխատակիցներն են դրել իրենց վկայականները։ Օրենքով գողերով զբաղվող բաժինն էլ է նույն վիճակում․ այս 3 բաժինները մտնում են 2 վարչության մեջ»։ 

Հարցին, թե կոնկրետ ինչ հանձնարարականներ են ստանում, որոնք քաղաքական են, եւ ում նկատի ունեն նոր ղեկավարություն ասելով, մեր զրուցակիցն ասաց․ «Ամբողջ ժամանակ ուղարկում են միտինգների, բուն օպերատիվ հետախուզական աշխատանքով չեն կարողանում զբաղվել, ղեկավարներն են որոշում՝ ում բերել, ում պատժել։ Այս վերջին ամիսներին քաղաքական հանձնարարություններով օրուարեւ չունեն բոլոր աշխատակիցները։ Նոր ղեկավարության կազմում են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, երկրորդ վարչության պետը՝ Վահե Մուշեղյանը։ Հիմնական դժգոհությունը Մուշեղյանից է, նա երիտասարդ, անփորձ ղեկավար է, ճիշտ է՝ զբաղեցրել է որոշ բարձր պաշտոններ, բայց կոլեկտիվում պառակտում է սկսվել։ Այս նոր ղեկավարությունը 8 ամիս է, ինչ եկել է, եւ ոչ մի բացահայտում չի եղել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել