Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Նուր-Սուլթանում, հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը, պաշտոնատար այլ անձինք:

Встреча президентов Армении и Казахстана Армена Саркисяна и Касым-Жомарта Токаева (3 июня 2021). Нур-Султан

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ նախագահ Տոկաևը մասնավորապես ասել է, որ թեև նրա այցն աշխատանքային է, այդուհանդերձ, այն մեծ կարևորություն ունի, քանի որ հավելյալ խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության համար:

«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Մեր երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը հիմնված են ավանդույթների վրա,-ասել է Ղազախստանի նախագահը: -Բնականաբար, շահագրգռված ենք, որ այս համագործակցությունը տեղում չմնա, այդ իսկ պատճառով մեր երկրների կառավարությունները ու համապատասխան գերատեսչություններն աշխատում են, որ հասնեն այդ նպատակին։ Մենք աշխատում և համագործակցում ենք կարևոր ինտեգրացիոն կառույցում՝ Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ անդամ ենք, սերտ փոխգործակցում ենք ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ կառույցներում: Կարծում եմ` այս ամենը պետք է ունենա դրական շարունակություն»,– նշել է նա:

ՀՀ նախագահ Սարգսյանն էլ ասել է, որ իր համար Ղազախստան այցելելը մշտապես ինչ-որ առումով այց է բարեկամներին:

«Համաձայն եմ, որ մեր երկրների փոխգործակցության ներուժը մեծ է: Չնայած մեր պետությունները ֆիզիկապես իրարից գտնվում են որոշակի հեռավորության վրա, բայց 21-րդ դարում առևտրի, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ մեր երկրները դառնում են շատ ավելի մոտ: Անշուշտ, համագործակցության հնարավորությունների ծավալը շատ մեծ է՝ կրթական, նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման ոլորտներ...Կցանկանայի` համագործակցությունը շատ ավելի խոր և ընդգրկուն լինի»,– նշել է նա:

Встреча президентов Армении и Казахстана Армена Саркисяна и Касым-Жомарта Токаева (3 июня 2021). Нур-Султан

Հայաստանի և Ղազախստանի նախագահները խոսել են Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ շրջանակում համագործակցության մասին: Հայաստանի նախագահն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած խնդիրներին ու մարտահրավերներին:

Հայաստանի և Ղազախստանի նախագահները քննարկումները շարունակել են առանձնազրույցի ձևաչափով: Քննարկումների առանցքում կրկին եղել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք` նախագահի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սարգսյանի այցի ընթացքում հանդիպումներ է նախատեսված նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Ղազախստանի խորհրդարանի ղեկավարության հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ինչպես տարբեր ոլորտներում հայ-ղազախական երկկողմ համագործակցությանը և միջպետական փոխհարաբերություններին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործակցությանը վերաբերող հարցեր: Կքննարկվեն նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած խնդիրներն ու մարտահրավերները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել