Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Աբովյանի դատաբժշկական կենտրոնի կադրերին, որտեղ պատկերված է՝ ինչպես են պահվել զոհված զինծառայողների դիերը։

«Ֆունդամենտալ հարցը, որ պետք է պատասխան ստանա հետևյալն է՝ արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների և հանգուցյալների նկատմամբ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար նախ կուզեմ Առողջապահության նախարարը ներկայացնի, թե ոլորտում 2018թ.-ից ի վեր ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ աշխատանքներ են արվել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մինչև 2018 թվականը ԱՆ-ի ենթակայությամբ գործող դատաբժշկական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահերձարանը։

«Մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել։ Ծառայությունն իրականացվել է բժշկական կազմակերպությունների կողմից ժամանակավոր տրամադրվող, անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում։ Դատաբժշկական ծառայությունն ունեցել է Երևանում 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ։ 2018-ից հետո մշակվել և կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական, անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը։ Նախագծվել է Երևանում կենտրոնական կառույցի և մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ և սկսվել են լայնածավալ աշխատանքներ։ Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։

Վերջինիս խոսքով 2018-ին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը և սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով։ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2020-ին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ինչու՞ այս փոփոխությունների արդյունքում ունեցանք այն տեսարանը, որն ունենք. «Մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այդքան հեշտ գործ չէ։ Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է։ ՀՀ-ում այդպիսի համակարգ գոյություն չի ունեցել 2018թ.-ից առաջ, և մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը։ ԴՆԹ հետազոտությունն անող սարք 2018-ից առաջ

ՀՀ-ում գոյություն չի եղել։ Սա է ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ։ Այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից, բայց երբ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, տեսնում ենք ցույցեր, բողոքներ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ այս դեպքից պետք է դասեր քաղեն, բայց նրա խոսքով կառավարությունը կամ Առողջապահության նախարարը գնալ ամեն օր բոլոր տեղերում պտտվել ու տեսնել՝ ով ինչպես է աշխատում. «Սա կրթության, մասնագիտական էթիկայի խնդիր է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել