Hraparak.am-ը գրում է.

Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում, որտեղ արտակարգ միջադեպեր են տեղի ունեցել, լարված վիճակ է։ Կութ համայնք, որի մոտակայքում մայիսի 27-ին գերեվարվել էին 6 հայ զինծառայողները, ըստ տեղացիների՝ մայիսի 30-ի գիշերը ռուս խաղաղապահներ են այցելել։ Նրանք եղել են նաեւ Վերին Շորժայում, որտեղ կրակահերթեր էին արձակվել, եւ հայ զինծառայող էր զոհվել։ Ըստ որոշ տվյալների, մարդկանց ելումուտը Կութ եւ Շորժա արգելվել է։

Նախօրեին էլ Զարուհի Փոստանջյանն էր փորձել այցելել՝ չէին թույլատրել։ Զինվորականությանը մոտ տեղեկացված անձը Վարդենիսից հայտնում է, որ հնարավոր է ռուս խաղաղապահները տեղակայվեն այս երկու գյուղերում։ «Ռուսները մտել են Կութ եւ Շորժա, ուսումնասիրել են տարածքները եւ դուրս են եկել։ Հավանաբար, նրանք տարածքը նայում են հնարավոր տեղակայման համար»։ 

Չի բացառվում, որ սա ռուսների «գործնական» ռեակցիան է Փաշինյանի հայելային առաջարկին՝ հետ քաշվել սահմանից եւ ռուս կամ միջազգային խաղաղապահներ տեղակայել։ Համայնքապետարաններից հերքում են մարդկանց մուտքն արգելելու մասին լուրը եւ հաստատում ռուս սահմանապահների այցը։ Գեղամասար խոշորացված համայնքի աշխատակազմից Հայկ Դավեյանը մեզ հայտնեց․ «Սահմանամերձ գոտի մուտքն արգելված է, բայց Կութը սահմանամերձ գյուղ է, մեր խոշորացված համայնքի գյուղերից է, այնտեղ, բնականաբար, մարդիկ գնում ու գալիս են։ Բնակավայր կարելի է գնալ գալ։ Հենց այսօր առավոտյան Կութից մարդ էր եկել մեզ մոտ»։ 

Բնակիչներն ի՞նչ տրամադրություն ունեն, տագնապ կա՞։ «Դե, թուրքերը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են, եկել-նստել են իրենց սարերի վրա, որտեղ իրենք անասուն էին պահում։ Կլինի՞, որ տագնապ չլինի։ Բայց մարդիկ չեն գնացել, գյուղում են»։ Հովիվները անասունն արածեցնում են մինչեւ այն գիծը, որտեղ տեղակայված է հայկական զինուժը։ Ակունք, Վարդենիս եւ Վերին Շորժա համայնքներին պատկանող արոտավայրերը մնացել են ազերիների վերահսկողության տակ։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ վստահեցնում է՝ արոտավայրերի պակաս վաղ թե ուշ զգացվելու է։ «Այս պահի դրությամբ դեռ կարողանում են յոլա տանել, բայց եթե այսպես մնա, արոտավայրը լուրջ խնդիր է դառնալու։ Բոլորին չի կարող հերիքել։ Մարդիկ չեն կարող լավ տրամադրություն ունենալ, իհարկե, էս ամենի հետ կապված։ Կա լարվածություն, անհանգստություն, բայց խուճապ չկա։ Մարդիկ իրենց գործով են զբաղվում, հույս ունեն, որ լավ կլինի»։ 

- Ռուս խաղաղապահների տեղակայման մասին լուրերը ճի՞շտ են։ 

- Ես կոնկրետ ինֆորմացիա չունեմ։

- Չե՞ն եկել, նայել գյուղը, նաեւ՝ Վերին Շորժան։ 

- Դե, եկել են, ուսումնասիրել, գնացել։ 

- Փաշինյանն առաջարկում է միջազգային խաղաղապահներ տեղակայել, ու մեկ էլ ռուսները կոնկրետ գալիս են՝ տարածք նայելու։ Սա զուգադիպությո՞ւն է։

- Քաղաքականության մեջ այս իրավիճակում շատ անհասկանալի բաներ ենք տեսնում, որ չենք կարողանում բացատրել։ Ամեն դեպքում, ինձ հետաքրքրում է մի բան՝ որ դրական լուծում լինի, ադրբեջանցիներին հեռացնենք։

- Ելումուտը սահմանափա՞կ է Կութ, Շորժա, թե՞ միայն լրագրողներին չեն թողնում մտնել։

- Տեղի բնակիչների համար ելումուտը սահմանափակ չէ։ Լրագրողների հետ կապված՝ չեմ կարող ասել, թե ինչու չեն թողնում, բայց սխալ ինֆորմացիան այսօր կարող է վնասել մեզ, մեր բանակին, ու ամեն մեկը պետք է ուշադիր լինի իր հայտարարությունների մեջ։

- Փաշինյանի հետ մի քանի օր առաջ Կութում տեղի ունեցած հանդիպումից գո՞հ եք։ 

- Ես խոսելով, խոստումներ տալով երբեք չեմ գոհանում։ Երբ որ ռեալ լուծում, արդյունք կտեսնենք, նոր բավարարված կլինեմ։

ՀԳ․ Իսկ առայժմ ռեալ լուծում չկա։ Վարդենիսի տարածաշրջանում մարդիկ ապրում են ամենօրյա վտանգի զգացումով, ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ։ Մենք հարցեր ունեինք նաեւ Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանին, սակայն նա Գեղարքունիքի մարզպետից հրահանգ է ստացել՝ չպատասխանել լրագրողների հարցերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել