News.am-ը գրում է․

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը մոտեցել է նրան, որ Բենիամին Նեթանյահուն, ով վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ռեկորդ է սահմանել, կարող է կորցնել իր աթոռը:

«Յամինա» աջակողմյան կուսակցությունից Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ միասնության կոալիցիա ձեւավորելու համար մտադիր է միավորվել կենտրոնամետ Յաիր Լապիդի հետ, որը «Յեշ Աթիդ»-ի առաջնորդն է:

Դա կլինի կուսակցությունների բազմազան հավաքածու, որոնք ընդհանուր քիչ բան ունեն, բացի վարչապետ Բենիամին Նեթանյահուին տապալելու նպատակից, ով ավելի քան 12 տարի իշխանության գլխին է: Հաջողության դեպքում Իսրայելը դուրս կգա քաղաքական բարդ փակուղուց, որի մեջ է երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում չորս ընտրություններից հետո:

Կառավարություն ստեղծելու Լապիդի առաջադրանքն այն խնդիր է, որը ինքը՝ Նեթանյահուն, չկարողացավ լուծել մինչեւ մայիսի վերջը՝ ավելի վաղ սահմանված ժամկետը: Մի քանի կուսակցությունների բավարար աջակցությամբ իշխող կոալիցիա ձեւավորելու վարչապետի անկարողությունը հանգեցրեց նրան, որ նախագահ Ռեուվեն Ռիվլինը մանդատը հանձնեց Լապիդին:

Եթե Լապիդը պարտվի, իսրայելցիները, հավանաբար, ստիպված կլինեն երկու տարվա ընթացքում հինգերորդ անգամ ընտրությունների գնալ:

Բայց արդյո՞ք վերջին լուրերը մեխ էին Նեթանյահուի վարչապետության դագաղին:

Սինգապուրի ազգային համալսարանի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ասիֆ Շուջան կարծում է, որ աջակողմյան վարչապետը դեռեւս ժամանակ ունի, որպեսզի պատգամավորներին համոզի իր կողքին լինեն առաջիկա վստահության քվեից առաջ:

«Ես կարծում եմ, որ նա դեռ մի քանի օր ունի այլ խաղաթղթեր օգտագործելու համար, որոնք կարող են լինել նրա թեւքում, քանի որ վերջնաժամկետը լրանալուց հետո նա որոշ ժամանակ կունենա մինչ վստահության քվեի անցկացումը»,- CNBC-ին ասել է փորձագետը։ «Մինչ այդ, եթե նա կարողանա Կնեսետի անդամներից ոմանց իր կողմը գրավել, ապա իսկապես կարող է կառավարություն կազմել»:

71-ամյա Նեթանյահուն, որը ղեկավարում է աջակողմյան «Լիկուդ» կուսակցությունը, հայտարարել է, որ առաջնորդության եռակողմ դաշինք կառաջարկի՝ Բենեթի եւ մեկ այլ աջ քաղաքական գործչի՝ Գեդեոն Սաարի հետ: Օրենսդիրներին գայթակղելու նրա փորձը ենթադրում է վարչապետի փոփոխություն այս եռյակի միջեւ՝ մինչ նրանց լիազորությունների ավարտը, եթե նրան հաջողվի շահավետ կոալիցիա ստեղծել:

Բայց «Լիկուդ»-ից նախկին պատգամավոր Սաարը հասկացրել է, որ ինքը համաձայն չէ՝ Twitter-ում գրելով. «Մեր դիրքորոշումն ու պարտավորությունը եղել եւ մնում է՝ փոխել Նեթանյահուի ռեժիմը»:

«Որքան ես եմ հասկանում,- հավելել է Շուջան,-նրա ղեկավարումը հաջորդ երկու տարիների ընթացքում լուրջ դիմակայության կհանդիպի... դա երկար կառավարում էր: Եւ այս ընթացքում շատ բան է փոխվել»:

Լապիդը մինչեւ չորեքշաբթի օրը ժամանակ ունի Բենեթի հետ գործարք կնքելու համար, որից հետո համաձայնագիրը դեռ անհրաժեշտ է ստորագրել եւ ներկայացնել նախագահին:

Հաշվի առնելով իսրայելական քաղաքականության հաճախ անկանխատեսելի բնույթը, շատ բան կարող է պատահել:

Քաղաքականության պրոֆեսոր, Իսրայելի ժողովրդավարության ինստիտուտի գիտաշխատող Օֆեր Քոեիգը ասում է, որ կառավարության ձեւավորումը «կասկածելի» է, եւ «Եւ հինգերորդ ընտրությունների մղձավանջը անհնարին չէ»:

Լապիդն ինքը նույն օրն ասել է, որ «շատ խոչընդոտներ են մնացել» իր բազմապլան կոալիցիայի ստեղծման համար:

Նեթանյահուին այժմ դատում են կոռուպցիայի մի քանի մեղադրանքներով, որոնք նա հերքում է: Բայց դրա հետ մեկտեղ վերլուծաբանները նշում են իսրայելցի շատ ընտրողների ամենամեծ մտահոգություններից մեկը` անվտանգությունը: «[Նեթանյահուի] կառավարման վերջին 12 տարում Իսրայելը շատ ապահով տեսք չունի: Կան բազմաթիվ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք կարող են լուսաբանել այս տեսակետը»,- ասել է Շուջան:

Տարածաշրջանային դիտորդները մատնանշում են Իսրայելի եւ պաղեստինցի զինյալների, մասնավորապես` ՀԱՄԱՍ-ի միջեւ մի քանի բախումները նրա պաշտոնավարման ընթացքում:

«Ահա թե ինչու է այս ընդդիմությունը գնալով ուժեղանում, եւ մենք տեսնում ենք, որ նրա իշխանությանը իրական ընդդիմություն կա: Նոր կոալիցիան իր բնույթով շատ բազմազան է, ուստի մենք պետք է տեսնենք, թե ինչ տեղի կունենա ապագայում»,- հավելել է Շուջան:

Այնուամենայնիվ, ընդդիմադիր կոալիցիայի կողմից առաջարկվող կուսակցությունների լայն շրջանակը՝ կենտրոնամետ, ձախ եւ աջ, ներկայացնում է հետագա փակուղու ներուժը եւ ցույց է տալիս, թե որքան փխրուն կարող է լինել նման կառավարությունը:

Իսրայելի աջ թեւում իր կոշտ ազգայնական կողմնորոշմամբ հայտնի Բենեթը սատարում էր Իսրայելի կողմից գրավված Արեւմտյան ափի հրեական ոչ միանջանակ բնակավայրերին: Բայց կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար նա պետք է ստանա Իսրայելի առնվազն որոշ արաբական կուսակցությունների աջակցությունը, որոնցից մեկը հայտարարել է, որ կմիանա միասնության կառավարությանը, եթե ընդունեն իրենց պահանջները:

Փորձագետները նշում են, որ քանի դեռ ընդհանուր նպատակնըՆեթանյահուին տապալելն է, դաշինքը կարող է գոյություն ունենալ: Բայց եթե կոալիցիան իսկապես գա իշխանության, այն խնդիրները, որոնք միշտ բաժանել են նրա անդամներին, կարող են կասկածի տակ դնել նրանց «միասնությունը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել