Armeniasputnik.am-ը գրում է.

Արդեն 16 օր է՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ստեղծված իրավիճակը փորձում է լուծել առանց զենքի կիրառման: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսպես պատասխան այն հարցին, թե ինչու հայկական կողմը զենք չի կիրառել, երբ փորձել են գերեվարել նրանց։

«Նրանք մոտեցել են մեր զինծառայողներին, զենքը ուղղել են դեպի նրանց և հրամայել հանձնվել»,- մանրամասնեց Ասրյանը:

Երբ հայկական կողմը փորձել է նոր դիրք կահավորել՝ ադրբեջանցի զինծառայողներին շրջապատելու նպատակով, հակառակորդը նկատել է դա և «տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ գործողությունները, իսկ մեր ԶՈւ-ն փորձում է նրանց վտարել մեր տարածքից: Իրավիճակը լարված է Սև լիճ-Վերիշեն հատվածում և գիշերվա ընթացքում նաև լարվել է Կութ-Նորաբակ ուղղություններում: Գիշերային իրավիճակը հատկապես լարվածության գագաթնակետին է հասել ժամը 05:00-ի սահմաններում։ Հակառակորդը փորձում էր իր ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իր համար»,- նշեց Ասրյանը։

ԳՇ պետի տեղակալի խոսքով՝ ակտիվ աշխատում են ռուսական խաղաղապահ ուժերի հետ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել