Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–մայոր Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու համար հայկական կողմն Ադրբեջանին 1 ժամ ժամանակ էր տվել։

«1 ժամն անցնելուց հետո անմիջապես մեզ հետ կապի դուրս են եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում, ներկայացրել, որ Բաքվում համապատասխան վարչությունը խորհրդատվություն է անցկացնում և քննարկում մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել»,- նշեց Ասրյանը։

Նրա խոսքով՝ գերեվարված զինծառայողներին չվերադարձնելու դեպքում մշակվում է գործողությունների հատուկ ծրագիր, որի մասին չի կարող բարձրաձայնել։

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել