Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն այսօր անցկացված նիստում որոշում է կայացրել Կապան, Մեղրի և Տեղ համայնքներին պատկանող տարածքներում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ուժերի տեղակայման նպատակով։

Դրա համար նշված համայնքներին պատկանող մի շարք հողամասեր որպես նվիրատվություն անհատույց օգտագործման իրավունքով նախ կամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին, ապա անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման նախագծից պարզ է դառնում, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ» և բխում է 2020թ.–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներից։

Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման:

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել