News.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը աջակցությունը ապրիլին ռեկորդային ցածր մակարդակի է հասել, հայտնում է Bloomberg-ը:

Ստամբուլում գործող Turkiye Raporu սոցիոլոգիական գործակալության ղեկավար Ջանա Սելչուքը նշել է, որ մարտին Էրդողանի կողմից Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնանկությունը բեկումնային պահ դարձավ ընտրողների համար:

Էրդողանը Նասի Աղբալին աշխատանքից հեռացրեց հինգ ամսից էլ քիչ աշխատելուց հետո՝ քաղաքական տարաձայնությունների պատճառով, ինչը պատճառ դարձավ, որ թուրքական լիրան ընկնի ավելի քան 16 տոկոսով: Այդ ժամանակից լիրան իջել է ռեկորդային ցածր մակարդակի:

Թուրքերի մինչեւ 27 տոկոսը ի վիճակի չէ բավարարել իր հիմնական կարիքները, վկայում են ապրիլին Metropoll Research-ի կողմից անցկացված ամենամսյա հասարակական հարցման տվյալները: ԱԶԿ-ի աջակցության վարկանիշն այժմ 27 տոկոս է կազմում` չհաշված չկողմնորոշված ընտրողներին, ինչը իշխող կուսակցության համար ամենացածր ցուցանիշն է իր ստեղծման օրվանից։

Metropoll-ի ղեկավար Օզեր Սենջարի խոսքով՝ հենց տնտեսության վատ կառավարման ընկալումը եւ կենտրոնական բանկի պահուստների հանդեպ ընդդիմության արշավներն են հանգեցնում ԱԶԿ-ի աջակցության անկման: «Ընդդիմությունը պետք է համոզի այս մարդկանց, որ կարող է ավելի լավ կառավարել երկիրը, բայց դրա համար դեռ թեկնածու չկա»,- ասել է Սենջարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել